Իրանը պատերազմի չի ձգտում, չնայած չի վախենում ռազմական գործողություններից. Պեզեշկիանը ցավում է Թրամփի հակասական հայտարարությունների համար
Իրանը ոչ մի պարագայում չի հրաժարվի իր միջուկային, ռազմական կամ գիտական նվաճումներից, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը, հաղորդում է Tasnim գործակալությունը։
Շաբաթ օրը Իրանի ռազմածովային նավատորմի շուրջերկրյա նավարկությունից վերադառնալու տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Պեզեշկիանն ընդգծել է, որ Իրանը պատերազմի չի ձգտում, չնայած չի վախենում ռազմական գործողություններից։ Նա ասել է, որ Իրանը միշտ կողմ է եղել երկխոսությանը և կշարունակի բանակցել, բայց սպառնալիքի տակ երբեք չի հրաժարվի իր անքակտելի իրավունքներից։
«Մենք չենք հրաժարվի ռազմական, գիտական, միջուկային և այլ ոլորտներում մեր փառահեղ նվաճումներից»,- շեշտել է Իրանի նախագահը։
Մեկնաբանելով ԱՄՆ նախագահի վերջերս տարածաշրջանի արաբական երկրներ կատարած շրջագայությունը՝ Պեզեշկյանը ափսոսանք է հայտնել Դոնալդ Թրամփի հակասական դիրքորոշումների կապակցությամբ։
«Թրամփը տարածաշրջանում մի շարք մեկնաբանություններ է արել, որոնց միայն ինքը կհավատա։ Մի կողմից նա խոսում է խաղաղության մասին, իսկ մյուս կողմից՝ ասում է, թե մենք ունենք գործիքներ, որոնք ոչնչացնում են խաղաղությունը։ Ո՞ր բառերը մենք պետք է ընդունենք։ Խաղաղությա՞ն ուղերձը, թե՞ մարդկանց ոչնչացման ուղերձը», – հավելել է Իրանի նախագահը։