Ադրբեջանը սահմանագծին լարվածություն հաղորդելով հետևյալ խնդիրներն է լուծում. Տիգրան Աբրահամյան (տեսանութ)

Ադրբեջանը սահմանագծին լարվածություն հաղորդելով՝ հետևյալ խնդիրներն է լուծում։ ԱԺ-ում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ նշելով․

«Առաջին` սպառնում է, որ Հայաստանի կողմից իր նոր նախապայմանների չկատարումը առաջնագծում կմեծացնի լարվածությունը՝ իր հետ բերելով սադրանքի ու ագրեսիայի տարբեր դրսևորումներ:

Երկրորդ` սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ ահաբեկչական գործիքակազմ կիրառելով՝ փորձում է ազդեցություն ապահովել հայ հասարակության վրա:

Երրորդ` 44-օրյա պատերազմի, Հայաստանի դեմ իրականացված ագրեսիաների և օկուպացման քաղաքականության հետևանքները չմարսած, Ադրբեջանը փորձում է հոգեբանական գրոհներ իրականացնել ՀՀ զինված ուժերի վրա: Իրավիճակն առավել անկանխատեսելի և անորոշ է դարձել՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ նախ Հայաստանի իշխանությունը հրաժարվում է հրապարակայնություն ապահովել նույնիսկ բանակցված ու ստորագրման ենթակա փաստաթղթի հարցում՝ ահագնացնելով հանրության այն սպասումները, որ Հայաստանի համար հերթական կապիտուլյացիան է նախապատրաստվել:

Չորրորդ, Հայաստանի իշխանությունը թաքցնում է առաջնագծում առկա օբյեկտիվ իրադրությունը և հանրության որևէ էական տեղեկություն չի փոխանցում կուլիսներում ընթացող շփումների մասին: Իշխանության մտահոգությունները, իհարկե, հասկանալի են: Բարդ և վտանգավոր է հանրությանն ասել այն իրականությունը, որը տարիներ շարունակ նենգափոխվել և լրիվ այլ նրբերանգներով է ներկայացվել: Իշխանությունը խոստացել է բանակցել խաղաղության համար, իսկ իրականում ժամանակ է շահել՝ ապահովելու Ադրբեջանի պարտադրված պահանջները, որոնք գնալով առավել խոցելի են դարձրել Հայաստանն ու Հայաստանի քաղաքացուն: Թուրք-ադրբեջանական բարեհաճության աղերսումն այս ընթացքում իշխանության համար ունեցել է մեկ նպատակ՝ սեփական անվտանգության և իշխանության երկարաձգման երաշխիքների ապահովում, որի դիմաց զիջվել է և ՛ ՀՀ ինքնիշխանությունը, և ՛ տարածքային ամբողջությունը, և ՛ ոտքի կանգնելու հնարավորությունը:

Սա ՛ է իշխանության հռչակած խաղաղության միֆը և նրա նկարած քարոզչական փուչիկը, որը ասեղի մեկ շարժումով առոչինչ է դառնում»: