Հյուրանոցի սեփականատերը մանրամասներ է ներակայացրել Թուրքիայի քաղաքացու մասնակցությամբ դեպքից
Երևանի «Լոնդոն» հյուրանոցի սեփականատեր Գևորգ Բարսեղյանը մանրամասներ է ներկայացրել հյուրանոցի հյուր՝ Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանի կողմից ոգելից խմիչքի ազդեցության տակ հայհոյելու և անհարգալից պահվածք դրսևորելու դեպքից.
«Այո, դեպքը տեղի է ունեցել մեզ պատկանող հյուրանոցում, ահազանգ տվողը ես եմ եղել։
Թուրքիայի քաղաքացին սենյակ էր ամրագրել ու ժամանել Լոնդոն հյուրանոց։ Կեցության երկրորդ գիշերը ալկոհոլի ազդեցության տակ վիրավորական արտահայտություններ է ուղղել մեր աշխատակցի հասցեին։ Ես, այդ մասին տեղեկանալով աշխատակցից, ահազանգել են ոստիկանություն, որպեսզի խուլիգանին սանձեն։
Ոստիկանները նրան բերման են ենթարկել և 3 օր պահել ձերբակալվածների պահման վայրում։ Վերջում էլ նա մեղայական հայացքով ներողություն է խնդրել ինձնից ու աշխատակազմից։ Կարծում եմ՝ հաջորդ անգամ կամ կշրջանցի Հայաստանը, կամ տասնապատիկ զսպվածություն կցուցաբերի հայերի հետ շփումներում։
Ինձ համար արժանապատվության հարց է, երբ հատկապես Թուրքիայի քաղաքացին վիրավորում է իմ թիմակցին։ Ամեն ինչ ճիշտ եմ արել, արդյունքներից բավարարված եմ»։