1921 թ․ այս օրը Սողոմոն Թեհլերյանը սատկացրեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ թալեաթին
1921 թ․ այս օրը Սողոմոն Թեհլերյանը սպանեց Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին՝ թալեաթին։
Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1896 թվականին Բագառիճում՝ Արևմտյան Հայաստանում, ուր ստացել է իր նախնական կրթությունը։ Ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կենտրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912 թվականին և 1913 թվականին փոխադրվել է Սերբիա։
1921 թվականին Թեհլերյանը մասնակցել է Դաշնակցության «Նեմեսիս» գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպչին՝ Թալեաթ փաշային։ Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին և ձերբակալվում։ Սակայն 1921 թվականի հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։
(Հատված՝ Սողոմոն Թեհլերյանի «Վերհիշումներ, Թալեաթի ահաբեկումը» գրքից):
Դատարանի նախագահ – Դուք ձեզ ինչո՞ւ հանցավոր չեք համարում:
Թեհլերյան – Ես ինձ հանցավոր չեմ համարում, որովհետև խիղճս հանգիստ է:
Նախագահ – Խիղճդ ինչո՞ւ է հանգիստ:
Թեհլիերյան – Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ:
Նախագահ – Թալեաթ փաշային ուզում էիք սպանե՞լ:
Թեհլերյան – Այս հարցը չեմ հասկանում: Ես նրան արդեն սպանել եմ:
Նախագահ – Ուզում եմ ասել՝ նրան սպանելու ծրագիր ունեի՞ք:
Թեհլերյան – Ես որևէ ծրագիր չունեի:
Նախագահ – Ե՞րբ արթնացավ այդ գաղափարը:
Թեհլերյան – Դեպքից մոտ երկու շաբաթ առաջ ինձ շատ վատ էի զգում, ջարդերի պատկերները աչքերիս առաջ էին: Մորս դիակը տեսա: Այդ դիակը ոտքի ելավ, կանգնեց առջևս և ասաց ինձ՝ դու տեսար, որ Թալեաթը այստեղ է ու անտարբե՞ր ես մնում:
Նախագահ – Իսկ դուք ի՞նչ արեցիք:
Թեհլերյան – Հանկարծ արթնացա և որոշեցի այդ մարդուն սպանել:
Նա նաև պատմել է, թե ինչպես է սպանել Թալեաթին: «Մարտի տասնհինգի առավոտյան պատուհանից հանկարծ տեսա, որ Թալեաթը փողոց դուրս եկավ ու դեպի վար գնաց: Ատրճանակս առա, վրա հասա, զուգահեռ մայթով արագ գնացի, առաջ անցա, երբ նա բավականին ետ մնաց, անցա մյուս մայթը, ետ դարձա` նրան դիմացից խփելու համար: Բայց մի երկու քայլ մնացած` հանկարծ նա զգաց, սարսափահար նայեց, ուզեց թեքվել, խուսափել, երբ գնդակը գամեցի գլխին»:
Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945 թվականից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960 թվականի մայիսի 23-ին։
Ի դեպ, Սողոմոնի կենսագրության մի կարևոր դրվագի քիչ է անդրադարձվել։
«Նեմեսիս» գործողությունը մինչև թուրք և թաթար 9 պարագլուխների ոչնչացումը, զբաղվել է 322 հայ դավաճաններով, որոնք թուրքին էին մատնել հայ մտավորականներին։ Եվ դրանցից մեկին՝ հայ դավաճան ոմն Հարություն Մկրտչյանին, որը կազմել ու ոստիկանապետ Պետրիի միջոցով Թալեաթին էր փոխանցել 250 հայ մտավորականի ցուցակը, ոչնչացրել հենց Սողոմոնը։