ՌԴ-ն կշարունակի հարաբերությունները զարգացնել Հայաստանի և Ադրբեջանի հետ. Պեսկով
Մոսկվան շահագրգռված է Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ և կշարունակի զարգացնել հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով տարածաշրջանում լարվածության սրման հարցում Ադրբեջանի և Հայաստանի մեղադրանքները միմյանց հասցեին, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հեռավոր տարածաշրջան չէ։ «Մենք ցանկանում ենք խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն, փոխադարձ վստահության և անվտանգության մթնոլորտ Կովկասում։ Մենք մեր լավ հարաբերություններն ունենք ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հետ, և մենք կարևորում ենք այդ հարաբերությունները։ Եվ մենք մտադիր ենք անել այն ամենը, ինչ կախված է մեզանից, որպեսզի հետագայում զարգացնենք այդ հարաբերությունները»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս շփումներ ունեցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Պեսկովը պատասխանել է, որ «այս [անցած] օրերին շփումներ չեն եղել»։

