Գալյանի ընկերուհին՝ պետ. Բադասյանի ընկերը՝ տեղակալ. ուշագրավ նշանակումներ Քրեակատարողական ծառայությունում․ NEWS.am

NEWS.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում վերջին կադրային նշանակումների վերաբերյալ:

Մեր տեղեկություններվ՝ Ծառայության նորանշանակ պետ, 34-ամյա Ծովինար Թադևոսյանը Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի ընկերուհին է: Վերջիններս նույն տարիներին են սովորել Երևանի պետական համալսարանում: Մեր տեղեկություններով՝ հենց Գալյանն է Փաշինյանին առաջարկել իր ընկերուհու թեկնածությունը քրեակատարողական ծառայության պետի պաշտոնում:

ԵՊՀ-ն ավարտելուց հետո Թադևոսյանը 2015-2020թթ. աշխատել է  ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հոգեբանական փորձաքննությունների բաժնում, որպես հոգեբան-փորձագետ, իսկ 2020-2025թթ. ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ:

Նախքան Ծովինար Թադևոսյանի նշանակումը, մեկ այլ՝ ուշագրավ նշանակում է տեղի ունեցել Քրեակատարողական ծառայությունում:

Մասնավորապես ՀՀ արդարադատության նախարարի 2024թ.-ի դեկտեմբերի 24-ի հրամանով Գուրգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի տեղակալ: Մեզ հայտնի դարձավ, որ Սարգսյանի թեկնածությունն այդ պաշտոնին առաջարկել է Գալյանի համակուրսեցին՝ ՊԵԿ նախկին նախագահ Ռուստամ Բադասյանը: Վերջինս և Գուրգեն Սարգսյանը, ըստ լուրերի՝ ընկերներ են:  Նախքան այս պաշտոնին նշանակվելը Սարգսյանը եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի պետը, ապա ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության պետի տեղակալ, իսկ Բադասյանի պաշտոնանկությունից հետո ստիպված է եղել հեռանալ համակարգից:

Նշենք, որ քրեակատարողական ծառայության պետի տեղակալներից Վարդգես Ծաղիկյանն էլ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մորաքրոջ տղան է: