Ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախկին նախագահը. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. «Նախորդ հոդվածներում անդրադարձանք մեկ օրվա ընթացքում վարչապետ Փաշինյանի հորդոր-խնդրանքով հրաժարականներ ներկայացրած բարձրաստիճան պաշտոնյաներ Վահե Ղազարյանի, Գնել Սանոսյանի, Սասուն Խաչատրյանի, Ռուստամ Բադասյանի, Արգիշտի Քյարամյանի հայտարարագրված ունեցվածքներին: «Սև կիրակիի» վերջին «զոհը» ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Կարեն Անդրեասյանն է: Տեսնենք, թե նա ինչ է հայտարարագրել 2024 թվականին ՝ նախորդ տարվա ունեցվածքի վերաբերյալ:

Պարզվում է, ՀՀ ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանը նույնպես սիրում է միանձնյա սեփականատիրական կարգերը: Նա 2023թ. վերջի դրությամբ ուներ միանձնյա սեփականություն հանդիսացող հինգ անշարժ գույք՝ 2012 թ. սեպտեմբերին նվիրատվություն ստացած բնակարան Երևանում, նույն տարվա հոկտեմբերին (18.10.2012) Դիլիջանում գնած հողամաս և առանձնատուն, 2019 թ. գնած առանձնատուն՝ Հունաստանում և 2023 թվականին 61 մլն 699 հազար դոլարով գնված բնակարան՝ Երևանում:

Հետաքրքիր է, որ Անդրեասյանի՝ նախորդ տարվա հայտարարագրում ներկայացված անշարժ գույքի վերաբերյալ գրառումը որոշակի տարբերվում է: Այս դեպքում Դիլիջանում ներկայացված է միայն առանձնատունը՝ առանց հողամասի, և այն գրանցված է որպես նվիրատվություն՝ արված 2003 թվականի սեպտեմբերի 23-ին: Այսինքն՝ կա ընդամենը երեք գույք՝ երկու նվիրատվություն՝ մեկը Դիլիջանի տունը, մեկը՝ Երևանի բնակարանը, և մեկ գնում՝ Հունաստանի տունը: Բավականին տարբեր է նաև 2022-ին հրապարակված հայտարարագրի «անշարժ գույքի» բաժինը:

Այս անգամ տեսնում ենք, որ 2021-ին Կարեն Անդրեասյանն ուներ վեց կտոր անշարժ գույք՝ 2012-ին նվիրատվություն ստացած Երևանի բնակարանը, Դիլիջանի առանձնատունը, որն այս հայտարարագրում կրկին նշված է որպես «գնում»՝ 18.10.2012, Հունաստանի՝ 2019-ին գնած առանձնատունը, և ևս երեք կտոր անշարժ գույք՝ 2 ավտոտնակ և մի հասարակական նշանակության շինություն, որոնց տիրապետում էր ½ բաժնային իրավունքով, և որոնք բոլորը նվեր էր ստացել 2019-ին: Այդ երեք կտոր գույքը նույն տարում՝ 2021-ին, Կարեն Անդրեասյանը օտարել է՝ նվիրել է, ըստ ամենայնի՝ իր մայրիկին:

Տրանսպորտային միջոց, արժեթղթեր, հիփոթեքով ձեռք բերված անշարժ գույք Անդրեասյանը չի հայտարարագրել: Փոխարենը հայտարարագրել է 2017 թվականին նվիրատվություն ստացած թանկարժեք զարդ՝ 4 մլն դրամի արժողության, ինչպես նաև 0-ացած ավանդ, որը տարեսկզբին 43 հազար 500 դոլար էր կազմում:

Բանկային հաշիվների վրա Կարեն Անդրեասյանը հայտարարագրել է 616 հազար դրամ, 10 հազար դոլար և ընդհանուր՝ 150 հազար եվրո, ինչպես նաև կանխիկ՝ 2,5 մլն դրամ: 2023 թվականին հրապարակված հայտարարագրով՝ 2022 թվականին նա ուներ ավանդ՝ 43 500 դոլար, և բանկային հաշիվներ՝ 240 հազար եվրո, մոտ 33 հազար դոլար և մոտ 707 հազար դրամ, և կանխիկ գումար՝ մոտ 4,5 մլն դրամ: Իսկ դրա նախորդ տարվա հայտարարագրում Անդրեասյանը նշել է, որ 2021 թվականին ունեցել է 151, 800 դոլարի ավանդ, որից տարեվերջին մնացել է 51,800-ը: Ավանդից բացի՝ 2021 թվականին Անդրեասյանն ունեցել է նաև բանկային հաշիվների վրա առկա գումարներ՝ մոտ 260 հազար եվրո, 10 հազարից քիչ ավելի դոլար և 2 միլիոն 616 հազար դրամ:

Անդրեասյանը վաճառել է իրեն պատկանող բաժնեթղթեր՝ 35 մլն դրամով՝ Ալեքսանդր Ստեփանյանին: Խոսքը «Արբիտրաժային դատարան» ՍՊԸ-ի վաճառքի մասին է, որն անվանափոխվել է որպես «Քո փրոդաքշն»:

Այս ընկերության 100% սեփականատերը, համաձայն իրական շահառուների 2023 և 2024 թվականների հայտարարագրերի, Ալեքսանդր Ստեփանյանն է: Նկատենք, որ ըստ հայտարարագրի՝ Կարեն Անդրեասյանը 2021-ին կատարել է նույնքան՝ 35 մլն դրամի միանվագ ծախս, որն անցնում է «պաշտպանված է» տողով:

Անդրեասյանի կինը «Էյ էմ» իրավաբանական ընկերության 40%-ի սեփականատեր է, ընդ որում՝ այդ ընկերության բաժնետոմսերը ստացել է որպես նվիրատվություն ամուսնու ընկերոջից՝ արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանից: Բաժնետոմսերը 2012-ին արժեցել են 400 դրամ: Սակայն 2023-ի վերջում արժեցել են 1,653,600 դրամ: Կարեն Անդրեասյանի տիկնոջ՝ 2023 թվականին ստացած եկամուտների մեջ առյուծի բաժինը «Էյ Էմ» իրավաբանական ընկերությունից ստացած 31 մլն 412 հազար դրամ շահաբաժինն է: «Էյ էմ» ընկերության մյուս՝ 60 տոկոսի սեփականատերը Գրիգոր Մինասյանն է:

Ի դեպ, Գրիգոր Մինասյանի տիկնոջ հոր անունը Ալեքսանդր Ստեփանյան է:

Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանն իրեն պատկանող ընկերությունն օտարել էր Ալեքսանդր Ստեփանյան անունով մարդու»: