ԱԱԾ տնօրենը՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի հետ կապված միջադեպի մասին
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանն անդրադարձավ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի միջադեպին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում խորհրդարանական լսումների ժամանակ Աբազյանն ասաց, որ ԱԱԾ-ն ուսումնասիրություն է իրականացնում։
«Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի միջադեպի հետ կապված բնականաբար մեր մոտ ուսումնասիրություն է իրականացվում, բայց կասեմ, որ համացանցում ներկայացված իրավիճակը, երբ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները դիմակավորված ահաբեկել են երեխաներին, նախնական կարող եմ ասել, որ նման իրավիճակ չկա»,- ասաց Աբազյանը։
Ավելի վաղ, Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում իրականացրած հատուկ գործողության առնչությամբ ԿԳՄՍ նախարարությունը գրությամբ դիմել էր համապատասխան մարմիններին՝ կատարված գործողությունների՝ երեխայի լավագույն շահի տեսանկյունից իրավաչափության վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:
ԿԳՄՍ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ստացվող ահազանգերը և հորդորում համապատասխան կառույցներին ուսումնական հաստատություններում գործողություններ իրականացնելիս հաշվի առնեն երեխաների լավագույն շահը և հոգեբանական առանձնահատկությունները: