«Պոլոնեզից» մինչև «Օպտիմա». նոր գաղտնի փաստաթղթեր Բելառուս-Ադրբեջան ռազմական առևտրի մասին․ «Հետք»
«Հետքն» իր գործընկերոջից ստացել է Բելառուսի ու Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ նոր գաղտնի փաստաթղթեր:
Այս տարվա հունիսին կայքը գրել էր Բելառուսի կողմից Ադրբեջանին մատակարարված ռազմական նշանակության մի շարք ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, հրապարակվել էին բելառուսական ձեռնարկությունների` 2017-2023 թթ. որոշ պաշտոնական նամակներ՝ ուղղված միմյանց և ադրբեջանական կողմին:
Նամակներում արձանագրված պայմանավորվածություններն ու դրանց կյանքի կոչումը ցույց են տալիս, թե ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկեր համարվող Բելառուսը վերջին տարիներին ինչպես է ինտենսիվորեն ռազմական արտադրանք ու ծառայություններ վաճառում Ադրբեջանին, որի գլխավոր թիրախը եղել ու մնում է Հայաստանը, նախկինում՝ նաև Արցախը:
2020 թ. օգոստոսի 26-ին՝ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ լայնածավալ պատերազմի սանձազերծումից ընդամենը 1 ամիս առաջ, բելառուսական «Վոլատավտո» ԲԲԸ-ի (ОАО «Волатавто») գլխավոր ինժեներ Դմիտրի Բարազնովը նամակ է գրել «Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարան» հանրապետական արտադրական միացյալ ձեռնարկության (РПУП «Завод точной электромеханики») տնօրեն Յուրի Չյորնիին՝ հայտնելով, որ «Վոլատավտո», «ՄԶԿՏ» և Britex ընկերությունների մասնագետները պատրաստ են մեկնել «1221» տարածաշրջան (նկատի ունի Ադրբեջանը)՝ ռեկլամացիոն աշխատանքներ կատարելու:
Այսպես՝ «ՄԶԿՏ» գործարանը (Минский завод колёсных тягачей, МЗКТ) արտադրում է բելառուսական «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի «ՄԶԿՏ-7930» շասսիները: «Պոլոնեզը» ռուսական «Սմերչի» բելառուսական այլընտրանքն է և 2018-ից ընդգրկված է Ադրբեջանի սպառազինության մեջ: Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հավաստմամբ՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանը հրթիռակոծել է Ստեփանակերտը ոչ միայն «Սմերչով», այլև «Պոլոնեզով»: «Վոլատավտոն» 1991-ին ստեղծվել է որպես «ՄԶԿՏ»-ի դուստր ձեռնարկություն, սակայն 2009-ից առանձին բաժնետիրական ընկերություն է: Այն ևս «Պոլոնեզ» համակարգի արտադրման մասնակից է: Britex Industrie-Technik-ը գերմանական մեքենաշինական ընկերություն է, որը մասնագիտացած է, մասնավորապես, ամբարձիչ տեխնիկայի սեգմենտում և ներկայացուցչություն ունի Բելառուսում:
«Պոլոնեզի» մշակմանն ու արտադրությանը մասնակցում է նաև վերոնշյալ Ճշգրիտ էլեկտրամեխանիկայի գործարանը: Իսկ ռեկլամացիոն աշխատանքներն այն աշխատանքներն են, որոնք կատարվում են գնորդի/պատվիրատուի բողոքի/պահանջի հիման վրա: Այսինքն՝ ադրբեջանական կողմը «Պոլոնեզի» վերաբերյալ ինչ-ինչ խնդիրներ է արձանագրել, և բելառուսները մասնագետներ են ուղարկել այնտեղ՝ դրանք շտկելու համար:
Նկատենք, որ ռուսական և բելառուսական զորքերի գործունեությանը հետևող «Բելառուսական Գայուն» նախագիծը X սոցցանցի իր էջում այս տարվա հունիսին ևս մի քանի գաղտնի փաստաթղթեր էր հրապարակել, որոնք վերաբերում են 2020 թ. Ադրբեջանում «Պոլոնեզների» վերանորոգման դրվագին: Այդ փաստաթղթերից տեղեկանում ենք, որ 2020-ի փետրվարին Ադրբեջանի ՊՆ-ն բելառուսական կողմին ներկայացրել է «Պոլոնեզ» համակարգերում ի հայտ եկած որոշ դեֆեկտներ: Դրանք հայտնաբերվել էին, մասնավորապես, տրանսպորտալիցքավորիչ մեքենաներից մեկի ամբարձիչի վրա: Հավանական խափանումներից զերծ մնալու համար կանխարգելիչ աշխատանքներ էին նախատեսվել նաև 6 հատ «ՄԶԿՏ-7930» շասսիների վրա: Այս ամենի համար էլ կազմակերպվել է բելառուսական ընկերությունների մասնագետների այցը Ադրբեջան, ինչին անդրադարձանք վերևում: Այցը նախանշվել էր 2020-ի օգոստոսի առաջին կեսին: Տրանսպորտալիցքավորիչ մեքենայի ամբարձիչի դեֆեկտների շտկման մասին ակտը ստորագրվել է սեպտեմբերի 15-ին Բաքվում:
Սա նշանակում է, որ 44-օրյա պատերազմից անմիջապես առաջ, եթե ոչ նաև ընթացքում, Բելառուսի մասնագետները կարգի են բերել Ադրբեջանի «Պոլոնեզները»: Ընդ որում՝ փաստաթղթերում նշվում է «Պոլոնեզ-ՄԱ» համակարգի մասին, որը, ենթադրաբար, մոդեռնիզացված «Պոլոնեզ-Մ»-ի՝ Ադրբեջանի համար նախատեսված տարբերակն է: «Պոլոնեզ-Մ»-ի կրակի առավելագույն հեռավորությունը 300 կմ է:
Բելառուս մասնագետները պարբերաբար գործուղվում են Ադրբեջան
Մեր տրամադրության տակ են հայտնվել նաև Բելառուսի ռազմարդյունաբերական ձեռնարկությունների 2021 թ. նամակներ, որոնց առանցքում կրկին «Պոլոնեզ» համակարգերն են:
«Բելսպեցվնեշտեխնիկա» պետական արտաքին առևտրային միացյալ ձեռնարկության (ГВТУП «Белспецвнештехника») գլխավոր տնօրենի պաշտոնակատար Իգոր Վելենտեյը 2021-ի մայիսին նամակ է գրել «Վոլատավտո» ԲԲԸ-ի տնօրեն Յուրի Չյորնիին: «Բելսպեցվնեշտեխնիկան» զբաղվում է գիտական, արտադրական և արտաքին առևտրային գործունեությամբ (այդ թվում՝ միջնորդական), որոնք վերաբերում են ռազմական և երկակի նշանակության ապրանքներին, գաղտնագրող միջոցներին, ինֆորմացիայի գաղտնի ստացման միջոցներին և այլ արտադրանքի: Այսինքն՝ սա, ի թիվս տարբեր տեսակի գործունեության, զբաղվում է բելառուսական սպառազինության վաճառքով:
Եվ ահա Վելենտեյը, նկատի ունենալով Ադրբեջանին, հայտնել է, որ օտարերկրյա պատվիրատուն դժգոհում է «Պոլոնեզ» համակարգի «Վ-300ՏԶՄ» տրանսպորտալիցքավորիչ մեքենաներից մեկի հեռակառավարման վահանակի վերանորոգման երկար ժամկետներից (այդ պահին վահանակը վերանորոգման մեջ էր 6 ամսից ավելի): Բացի դրանից՝ պարզվել է, որ տրանսպորտալիցքավորիչ մեքենայի ամբարձիչի վրա հայտնաբերված դեֆեկտը շտկելուց հետո, ինչի մասին ակտը ստորագրվել էր 2020-ի սեպտեմբերի 15-ին, ամբարձիչի պահեստամասերի լրակազմը չի համալրվել նոր դետալներով: Վելենտեյը Չյորնիին խնդրել է անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որոնք բխում են 2016-ի հոկտեմբերին Ադրբեջանի հետ կնքված պայմանագրից: Խոսքն, ըստ էության, «Պոլոնեզների» ձեռքբերման և սպասարկման համաձայնագրի մասին է:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։