Լրագրողները դատարանում հաղթել են Փաշինյանի՝ իրենց վիրավորած աջակիցներին
«Վարչապետի հայտնի աղմկահարույց ասուլիսից հետո, որը տեղի էր ունեցել 2023թ հուլիսի 25-ին, իմ և Անի Գևորգյանի դեմ արշավ էր սկսվել, աջակիցները որևէ կերպ չէին մարսել մեր հնչեցրած հարցերն՝ ուղղված իրենց սիրելի վարչապետին»,- «Հենարան» մամուլի ակումբում ասաց «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը՝ ներկայացնելով իր ու Անի Գևորգյանի դատական գործի մանրամասները: «Մինչ օրս դատական հայցեր չեն եղել, լրագրողները միշտ հանդուրժել են իրենց հասցեին հնչեցրած վիրավորանքները, զրպարտությունները, որովհետև գլուխ չեն դրել նման գործընթաց սկսելու համար: Մենք որոշեցինք կոտրել այդ կարծրատիպը և նախադեպ ձևավորել մեդիա դաշտի համար, որովհետև այլևս անհանդուրժելի էին լրագրողների հանդեպ ոտնձգությունները»,-հավելեց Հռիփսիմե Ջեբեջյանը: «Հռիփսիմեի վճիռները նախադեպային են, որովհետև չի եղել, որ մեկնաբանության համար դիմեն դատարան, վիրավորանքի համար դիմեն դատարան, այստեղ մենք գործ ունենք քաղաքացիների և աջակիցների հետ, ոչ թե հանրային դեմքի հետ…Մեզանից տևական ժամանակ է պահանջվել, որպեսզի կարողանանք նույնականացնել, թե ովքեր են, իրական օգտատերեր են, թե ֆեյքեր»,-ասաց Անի Գևորգյանը: Փաստաբան Շուշան Ավետիսյանը նշեց, որ 4 հայց են ներկայացրել տարբեր դատարաններ. «Հուրախություն բոլորիս՝ ունենք դատական ակտ, որով բավարարվել են երկու հայցերը: Այս պահին իմ ձեռքի տակ է Հռիփսիմե Ջեբեջյանն ընդդեմ Դիանա Մարտիրոսյանի վճիռը: Դատարանը վճռել է «Հռիփսիմե Հակոբի Ջեբեջյանի հայցն ընդդեմ Դիանա Արթուրի Մարտիրոսյանի՝ հրապարակային արտահայտված վիրավորանքից, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին», բավարարել մասնակի»: Փաստաբանն ասաց, որ դատարանը որոշել է պարտավորեցնել պատասխանող Դիանա Մարտիրոսյանին ֆեյսբուքի իր էջում, որտեղ հրապարակվել էր գործով որպես վիրավորանք գնահատված արտահայտությունը, հրապարակայնորեն, բոլորին հասանելի ռեժիմով ներողություն խնդրել հայցվորից՝ Հռիփսիմե Ջեբեջյանից: Դատարանը նաև նշել է ներողության տեքստը: