ՄԵՌՈՆՕՐՀՆԵՔ-6

ՄԵՌՈՆՕՐՀՆԵՔ-5-ը՝ այստեղ

Մյուռոնի պատրաստությունը սկսվում է մյուռոնօրհնությունից ամիսներ և անգամ տարիներ առաջ, երբ աշխարհի զանազան վայրերից (Հնդկաստան, Իսրայել, Պաղեստին, Հունաստան և այլն) արդեն Մայր Աթոռ են բերված լինում անհրաժեշտ բոլոր նյութերը: Անշուշտ, Մյուռոնի նյութերին պետք է մոտենալ զգուշությամբ և երկյուղածությամբ: Ս. Մյուռոնի կանոնում պատվիրվում է, որ պատրաստողները լավ խառնեն դրանք, որպեսզի միավորվեն և շաղախվեն իրար հետ, և Տերն էլ վարձահատույց կլինի նրանց այս ամենի համար: Նույն կանոնը նաև ասում է, որ եթե մեկ, երկու կամ երեք նյութեր անգամ պակասեն, ապա դա արգելք չի կարող լինել Մյուռոնի օրհնության համար:

Մյուռոնի բոլոր նյութերը մշակվում են հոգևորականների կողմից` կոշտերը ծեծվում և մանրացվում են, մաղվում և փափկացվում հատուկ յուղերով: Վեհափառ Հայրապետի ձեռամբ օրհնվում են Ս. Մյուռոնի անհրաժեշտ բոլոր նյութերը, լցվում մեծ կաթսայի մեջ, որոնք երեք օր շարունակ կրակի վրա շոգիացման եղանակով եփվում են: Այդ օրերի ընթացքում ընթերցվում են աղոթքներ, սաղմոսներ և երգվում են շարականներ: Եփման ամբողջ գործընթացն անցնում է աղոթական և խորհրդավոր մթնոլորտում: Կրակի վրայից վերցնելուց հետո կաթսան թողնում են մի քանի օր, որպեսզի չլուծված ողջ նստվածքը ցած իջնի և մնա պարզված մաքուր հեղուկը, որը քամում են մաքուր կտավով և պահում մինչև մյուռոնօրհնության օրը:

Իսկ մյուռոնօրհնությունից 40 օրեր առաջ անարատ ձիթենու յուղով Մյուռոնի կաթսան դրվում է Ս. Էջմիածնի Մայր Տաճարի Ավագ Ս. Խորանի վրա և ծածկվում նրբահյուս շղարշով: Հնում այն ծածկվում էր յոթ շարք շղարշներով, որոնք հաճախ նաև երփներանգ էին: Ընդհանրապես յոթ թիվը խորհրդանշում է Եկեղեցու յոթ խորհուրդները, յոթ առաքինությունները, Ս. Հոգու յոթ շնորհները և այլն, իսկ շղարշների տարբեր գույնի լինելը, հավանաբար, կապ ունի մարդու և Աստծո միջև հաստատված ուխտի` ծիածանի յոթ գույների հետ:

Եվ այսպես մինչև մյուռոնօրհնեք ամեն օր` երեկոյան ժամերգության վերջում, կատարվում է հատուկ կարգ, որը բաղկացած է Հոգեգալստյան կանոնի շարականներից, օծության Յուղին նվիրված քարոզաշարից, ավետարանական տարբեր ընթերցվածքներից և աղոթքից: Կարճ աղոթքում խնդրում ենք, որ Աստված ունկնդիր լինի մեր աղաչանքներին, և Իր ողորմությունն ուղարկի այդ ձիթենու մեջ, որը մարդկությանը տրված է օգտակարության և փրկության համար: Խնդրում ենք նաև, որ Ս. Հոգու շնորհները բնակվեն մեր և այս ձիթայուղի մեջ, որպեսզի արժանի լինենք հրեշտակների ինը դասերի նման փառաբանելու Աստծուն: 

Զաքարիա Ծայրագույն վարդապետ Բաղումյան