Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։ Քննչական կոմիտեի առջև լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նշենք, որ այս պահին Արմեն Աշոտյանը ՔԿ–ում է։

«Գործը կապված է ԵՊԲՀ–ի կողմից անշարժ գույք ձեռք բերելու հետ։ Խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը»,–ասաց փաստաբանը։

Նրա խոսքով` քրգործը քաղաքական երանգ է կրում։

Հիշեցնենք` ըստ մամուլի հրապարակումների` ԵՊԲՀ–ի համար գույք ձեռք բերելու ընթացքում չարաշահումներ թույլ տալու գործով օրերս ձերբակալվել է բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանը, այնուհետև ազատ արձակվել։ Նույն քրեական գործով անցնում է նաև Արմեն Աշոտյանը` վկայի կարգավիճակով։

Նշենք նաև, որ այսօր Աշոտյանը պետք է Լիսաբոն մեկներ` ԵԺԿ քաղաքական համաժողովին մասնակցելու, սակայն օդանավակայանում նրան հայտնել են, որ չի կարող լքել Հայաստանի Հանրապետությունը։