ԱՄՆ-ի թերթաքարային նավթը սնանկանալու է

«Նավթի թեման» այժմ բորբոքել է Միացյալ Նահանգներին, և դա կատակ չէ: Նույնիսկ ԱՄՆ կոնգրեսն է հրաժարվել օգնել նախագահ Դոնալդ Թրամփին և խնայել թերթաքարային նավթի և թերթաքարային գազի արդյունահանությունը: Այսպիսով, աշխարհը պարզել է, թե որն է Թրամփի և ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի միջև առճակատման արմատը: Պարզվում է, որ երկուսն էլ «թերթաքարային» են, և ոչ միայն Բայդենը՝ իր որդու Հանթերի հետ: Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը՝ Կոնգրեսը հրաժարվել է էներգետիկայի նախարարությանը ֆինանսական միջոցներ հատկացնել՝ Ռազմավարական նավթային պահուստին 77 միլիոն տոննա հումք ձեռք բերելու համար, և նա ստիպված է եղել հետ կանչել հայտը: «Կա ենթադրություն, որ էներգետիկայի նախարարությունը կարող է ֆինանսավորել սեփական բյուջեից: Կոնգրեսը հանգիստ ստորագրում է փոխանցումները բյուջեի սահմաններում` դաշնային գործակալությունների խնդրանքով: Եվ հենց որ ֆինանսավորումը հասանելի լինի, էներգետիկայի նախարարությունը կրկին հայտ կներկայացնի, հայտարարել է գերատեսչությունը»,- հայտնում է Bloomberg-ը:

«Rapidan Energy Advisors LLC» ընկերության հիմնադիր Բոբ ՄաքՆելին գործակալությանը հայտնել է, որ Թրամփի վարչակազմը վճռական տրամադրված է գնել էժան նավթ, և լինի դա Կոնգրեսի մասնակցությամբ, կամ ինչ-որ այլ եղանակով, բայց պաշարները կլրացվեն: Նրանք պլանավորում են իրենց գնումներն իրականացնել փոքր և միջին ընկերությունների շրջանում, որոնք ամենից շատ են տուժել տարեսկզբից նավթի գների 61%-ով նվազելու արդյունքում: Դեմոկրատական ​​սենատոր Չաք Շումերը հաղթանակ է հայտարարել «մեծ նավթին օգնելու» արգելափակումից հետո: ԱՄՆ էներգետիկայի նախարարի մամուլի քարտուղար Շեյլին Հայնսը հայտարարել է, որ գերատեսչության ղեկավարը կոչ է անում Կոնգրեսին հնարավորինս շուտ ֆինանսավորել նախագահի խնդրանքը, որպեսզի օգնեն ամերիկյան էներգետիկ ընկերություններին և նրանց աշխատողներին:

Բայց բանն այն է, որ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Սպիտակ տունը օգնություն կցուցաբերի մասնավորապես թերթաքարային արդյունահանությանը՝ ամբողջությամբ լրացնելով Ռազմավարական նավթային պաշարները (ՌՆՊ): Դրանից հետո էներգետիկայի նախարար Դեն Բրոլետը հրաման է արձակել, որի համաձայն անմիջապես սկսում է ՌՆՊ-ի համար ԱՄՆ-ում արդյունահանված նավթի գնումը: «Ներկայումս ՌՆՊ-ում առկա է 634 միլիոն բարել նավթ: Ամբողջ հզորությունը կազմում է 714 միլիոն բարել: Այսպիսով, կառավարությունը կգնի 80 միլիոն բարել (կամ օրական 450 հազար բարել վեց ամսվա ընթացքում)»,- գրել է Twitter- ում Bloomberg- ի էներգետիկ ոլորտի առաջատար թղթակից Ժավիե Բլասը: Նա նշել է, որ նույնիսկ ներկայիս ցածր գներով գնումը կարժենա կառավարությանը 2,6 միլիարդ դոլար. «Զարմանալի է, որ ընդամենը մի քանի օր առաջ ԱՄՆ կառավարությունը վաճառում էր պահուստային նավթը՝ բյուջեի ծախսերը հոգալու համար: Այժմ ամերիկյան թերթաքարայինները արդյունահանելու են նավթը միայն այն բանի համար, որ Քեռի Սեմը այն հետ քաշի գետնի տակ, և դրա համար ծախսվի հարկատուների միլիարդավոր դոլարներ»:

Ամերիկյան էներգետիկայի վերլուծաբան Ջասթին Յակոբսը համարում է, որ նախագահ Թրամփի որոշումը չի օգնի թերթաքարային արդյունահանությանը: «Կորած պահանջարկի համեմատ, գնումների ծավալը փոքր է: Հետևաբար, չափազանց կասկածելի է, որ դա կհանգեցնի նավթի գների բարձրացման: Բացի դրանից, ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես նավթի գնումն արդյունահանման ինքնարժեքից ցածր կարող է օգնել»,- նշել է փորձագետը: Այսպես թե այնպես, Կոնգրեսի որոշման պատճառով Սպիտակ տունը ստիպված կլինի հետաձգել նավթի գնումը ամերիկյան արտադրողներից, որպեսզի աջակցի նրանց ցածր գների ճգնաժամի ընթացքում: Թրամփը ստիպված կլինի փնտրել մեկ այլ տարբերակ՝ «թերթաքարայիններին» փրկելու համար, և, հետևաբար՝ նաև իր սեփական բիզնեսը …

Սերգեյ Շաքարյանց