Ապրիլյան պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը. ՀՀ վարչապետ

«Այսօր լրանում է 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի 4-րդ տարելիցը և ես առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել մեր բոլոր զոհերի հիշատակը»,-այսպես սկսեց Կառավարության ապրիլի 2-ի նիստը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա անդրադարձավ այդ պատերազմի վերաբերյալ վերլուծություններին և գնահատականներին:

«2016 թվականի ապրիլյան պատերազմի վերաբերյալ կան տարբեր կարծիքներ և գնահատականներ, բայց, կարծում եմ, որ պատերազմը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը:

Այդ հարցը հետևյալն էր՝ մեր անկախության սերունդը որքանով է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը: Կարծում եմ, այդ պատասխանը պերճախոս ձևով տրվեց, որովհետև այդ անկախության սերնդի զինվորները և ոչ միայն նրանք, դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ՝ տալով այդ ամենկարևոր հարցի պատասխանը: Հայաստանը և Արցախը, հայ ժողովուրդն ընհանրապես, պետք է վստահ լինեն, որ արցախյան ազատամարտի առաջին սերնդի ներկայացուցիչների կազմը եկել է համալրելու նոր սերունդ, որը նույնքան վճռականությամբ պատրաստ է կանգնել սեփական հայրենիքի պաշտպանության դիրքերում.  սա այլևս կասկածի դրված չէ»,- ասաց  ՀՀ վարչապետը: