Ավինյանը չի արել, այլմոլորակայինի, պոլտերգեյթսի կամ համակարգչի գրած, ստորագրած, հրապարակած որոշումն է

Ջահելներ, լրջացե՛ք, արտակարգ դրության պայմաններում անթույլատրելիորեն խաղում եք մարդկանց առողջության, հնարավոր է նաև` ճակատագրերի հետ

Այսպիսի իշխանություն ունենալն աղետ է նույնիսկ սովորական պայմաններում, երբ երկրում արտակարգ դրություն չէ, իսկ արտակարգ դրության պայմաններում` առավել ևս, պարզապես նրան համարժեքորեն բնութագրելու համար հայերենի բացատրական որևէ բառարանում համապատասխան բառ չկարողացա գտնել:

Երեկ ՀՀ կառավարության կայքում հրապարակվեց ՀՀ արտակարգ դրության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի N 25 որոշումը, որում մասնավորապես նշված է.

«1) ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում, բացառությամբ Ֆանտան վարչական բնակավայրի, կիրառել հետևյալ սահմանափակումները.

Ա) Համայնքի (բացառությամբ Ֆանտան վարչական բնակավայրի) վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմաններից ելք կատարելու հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման.

Բ) Սույն կետի «ա» ենթակետով սահմանված Չարենցավան համայնք (բացառությամբ Ֆանտան վարչական բնակավայրի) մուտք գործելու սահմանափակման համար բացառություն սահմանել մինչև 2020 թվականի մարտի 31-ը ժամը 24։00-ն, Չարենցավան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը.

Գ) Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու համար ՀՀ ԱԱԾ և ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրել հատուկ անցակետեր և զննման կետեր՝ Չարենցավան համայնքի (բացառությամբ Ֆանտան վարչական բնակավայրի) վարչական տարածք թույլատրվող անձանց ու տրանսպորտային միջոցների զննումն իրականացնելու նպատակով.

2) ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ ապահովել սույն որոշման իրականացումը.

3) Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 31-ից՝ ժամը 18։00-ին և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 5-ը՝ ժամը 23։59-ը»:

Եթե մի պահ անտեսենք վերոնշյալ որոշման, մեղմ ասած, խայտառակ թերությունները, Չարենցավանի պարագայում առավել խիստ սահմանափակումներ նախատեսող որոշումը ներկա պայմաններում, իրոք, անհրաժեշտություն է, նոր կորոնավիրուսով վարակվածության նույնիսկ հաստատված դեպքերը Չարենցավանում շատ են, մանավա՛նդ, եթե նկատի ունենանք քաղաքի բնակչության թվաքանակը: Բնականաբար, այնտեղ կարող են լինել նաև վարակված այդ անձանցից թեկուզ ոչ անմիջական շփման միջոցով վարակված էլ ավելի մեծաթիվ անձինք, որոնք նույնիսկ իրենք էլ այդ մասին դեռ չգիտեն ու կարող են վարակել ուրիշներին: Սակայն պարետ Ավինյանը նույն օրվա իր հաջորդ` N 26 որոշմամբ N 25 որոշումը կարճ ժամանակ անց, առանց որևէ պատճառաբանության կամ բացատրության, ուժը կորցրած ճանաչեց: Իսկ ի՞նչ է` Չարենցավանում վիճակը կտրուկ բարելավվե՞լ էր… Այնտեղից ՀՀ այլ բնակավայրեր նոր կորոնավիրուսային վարակի տարածման վտանգ այլևս չի՞ սպառնում…

Պարետի փոխարեն, սկզբում բացատրությամբ հանդես եկավ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը` ֆեյսբուքյան իր էջում կատարելով հետևյալ գրառումը.

«Չարենցավանի մասին

Հարգելինե՛րս,

Հայտնում եմ, որ ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, և մասնավորապես Չարենցավանի մասով՝ ունենք մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության:

Խնդրում եմ ընդունել ի գիտություն՝ քիչ առաջ հրապարակված պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր, որի առիթով հայցում ենք ձեր ներողամտությունը:

Իրավիճակի զարգացման հետ կապված՝ հնարավոր նոր սահմանափակումների կիրարկման պարագայում, կտրվի լրացուցիչ պաշտոնական տեղեկատվություն:

Խնդրում եմ հետևել պարետատան ցուցումներին և տեղեկատվություն ստանալ բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներից:

Առո՛ղջ եղեք»:

Ի՞նչ… Էլ ինչպե՞ս առողջ լինենք, երբ նրա և Ավինյանի նման ղեկավարներ ունենք… Այս ի՞նչ անհեթեթ բացատրություն է ներկայացվել մարզպետի կողմից, թե «պարետատան որոշումը տեխնիկական սխալի սպրդման արդյունք էր»: Եթե մարզպետը դա չապացուցի, նշանակում է` արտակարգ դրության պայմաններում ստում է: Իրոք, ի՞նչ է նշանակում տեխնիկական սխալի սպրդման արդյունք… Եվ մարզպետն ինչպե՞ս պետք է ապացուցի դա, պետք է պատճառաբանի, թե պարետի որոշումն ինքն իրե՞ն է գրվել ու հրապարակվել, կամ նրա փոխարեն, ուրիշ մե՞կն է այդ որոշումը կայացրել ու հրապարակել, ասենք, ինչ-որ այլմոլորակային կամ պոլտերգեյթս… Իհարկե՛ չի կարող:

Ճիշտ է, մարզպետն իր գրառման սկզբում հայտնել է, որ «ՀՀ պարետատունն ունի իրավիճակի զարգացման ամենատարբեր սցենարների համար նախատեսված գործողությունների պլան, և մասնավորապես Չարենցավանի մասով՝ ունենք մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիր, որը կգործարկվի՝ ըստ անհրաժեշտության»: Նա դրանով կարծես փորձել է այն տպավորությունը ստեղծել, թե պարետի որոշումը հենց այդ գործողությունների պլանը, Չարենցավանի մասով մշակված և նախանշված հստակ համալիր գործողությունների ծրագիրն է արտահայտում, այսինքն` ապագայում անհրաժեշտության դեպքում կիրառելու համար նախատեսվածը, որը պարզապես տեխնիկական սխալի սպրդման (դարձյալ անհասկանալի) հետևանքով հրապարակվել է հիմա, երբ դեռ կարիք չկա Չարենցավանի առնչությամբ ավելի խիստ սահմանափակումներ կիրառելու, սակայն անտեսել է նաև որոշման մեջ նշված ամսաթվերը:

Ավելի ուշ մարզպետի լոլոներից բովանդակորեն չտարբերվող լոլոներով հանդես եկավ ինքը` պարետ Ավինյանը: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց.

«Ուզում եմ տեղեկացնել, որ տարատեսակ պլաններ` նախապատրաստած, մենք ունենք տարբեր քաղաքների վերաբերյալ, ու ունենք տարբեր ծրագրեր, որոնք որ, ժամանակ առ ժամանակ, փոփոխվում են, ու ամեն օր մենք ունենք մի շարք փաթեթներ գործողությունների կիրառման, որոնք որ այս կամ այն փուլում կարող է մտնեն ուժի մեջ: Իրապես Չարենցավանի ծրագիրը ելք չպտի լիներ, և ընդամենը միակ խնդիրը որ եղել է, տեխնիկական է եղել, այսինքն` դուրս է եկել որպես կատարման ծրագիր և շատ արագ տեղ ա հասել և սկսել է կատարվել, բայց այդ ծրագիրը ընդամենը, էսպես ասած, էդ պլանային աշխատանքների տրամաբանությամբ ծրագիր ա եղել և այլ ծրագրերի հետ համատեղ եղել է մեր մալբրի համակարգում»:

Լինելով ՀՀ փոխվարչապետը և ԱԴ պարետը, Ավինյանը փաստորեն կամ չի տարբերում տարբեր քաղաքների վերաբերյալ նախապատրաստած տարատեսակ պլանները, տարբեր ծրագրերը որպես պարետ իր իսկ ստորագրած, հստակ ամսաթվեր ունեցող, գործող սահմանափակումները խստացնող ու պարտադիր կատարման ենթակա, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին, ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին և ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հատուկ ռեժիմի իրականացման և որոշման կատարումն ապահովելու համար ուղղված որոշակի ցուցումներ, հանձնարարականներ պարունակող և ՀՀ կառավարության կայքում հրապարակված որոշումից, կամ փորձում է ցինիկաբար խորամանկել ու դուրս գալ թույլ տված կոպիտ սխալի տակից:

Պարետի N 25 որոշումը նրա փոխարեն ուրի՞շն է գրել, ուրի՞շն է դրանում ու դրա վրա ամսաթվեր դրել ու ստորագրել, ո՞ւմ մեղքով է «Չարենցավանի ծրագիրը», իսկ իրականում պարետի N 25 որոշումը հրապարակվել կառավարության կայքում, ի վերջո, ի՞նչ է այդ «մալբրի համակարգ» կոչվածը, պարետի անունից որոշումներ գրող, ստորագրող, կառավարության կայքում հրապարակող ինչ-որ համակարգի՞չ է…

ԱԴ պարետի, փոխվարչապետի այս աստիճան անլուրջ, արտակարգ դրության պայմաններում առավել ևս աններելի գործելակերպին ու բացատրությանը հանդիպելուց հետո այլևս զարմանալի չի լինի, եթե Տիգրան Ավինյանը հանկարծ անմեղ-անմեղ տեսքով հայտարարի, որ, այո, այդ ամենն իր արածը չէ, «մալբրի համակարգ» կոչվածն է իր փոխարեն գրել, ստորագրել, հրապարակել N 25 որոշումը, ինքը չէր ուզում դա անել, բայց համակարգը տեխնիկական սխալի սպրդման արդյունքում «զբոյ» է տվել, իրեն չար կատվի պես է պահել և այլն: Բայց այդ դեպքում թող մի բան նկատի ունենա` ՀՀ բնակչությունը նման բացատրության հանդիպելուց հետո ծիծաղից կարող է զանգվածաբար ուշաթափվել և միգուցե ավելի շատ վնասվել, քան նույնիսկ նոր կորոնավիրուսից:

Ջահելներ, լրջացե՛ք, արտակարգ դրության պայմաններում անթույլատրելիորեն խաղում եք մարդկանց առողջության, հնարավոր է նաև` ճակատագրերի հետ:

Արթուր Հովհաննիսյան