Ռոսպոտրեբնադզորը խորհուրդ է տվել քիչ դիտել նորություններ կորոնավիրուսի մասին. «ՌԻԱ Նովոստի»

Ռոսպոտրեբնադզորը՝ COVID-19 համավարակի հենքին, ռուսներին խորհուրդ է տալիս ավելի քիչ նորություններ դիտել կորոնավիրուսի մասին, եթե այդ տեղեկատվությունը վատ ազդեցություն է թողնում հոգեկան առողջության վրա:

«Մի՛ ծխեք, մի՛ խմեք ալկոհոլ և մի՛ օգտագործեք այլ հոգեակտիվ նյութեր, որպեսզի ճնշեք ձեր հույզերը: Եթե դրանք շատ ուժեղ են, դիմեք բժշկական կամ հոգեբանական օգնության: Նախապես պլանավորեք, ուր և ինչպես եք դիմելու… Եթե դուք կամ ձեր ընտանիքի անդամները մտահոգված և անհանգստացած եք ԶԼՄ-ներում հայտնված հաղորդումներով, ավելի քիչ ժամանակ ծախսեք դրանք դիտելու կամ լսելու համար», – ասված է գերատեսչության կայքում:

Ռոսպոտրեբնադզորի փորձագետները խորհուրդ են տալիս նրանց, ովքեր տանն են մնում՝ չմոռանալ առողջ ապրելակերպի՝ ճիշտ սննդակարգի, քնի ռեժիմի, ֆիզիկական վարժությունների, հեռախոսով կամ ինտերնետով սիրելիների, հարազատների և ընկերների հետ շփվելու մասին:

Գերատեսչությունը նաև խորհուրդ է տալիս ծանոթանալ այն տեղեկություններին, որոնք կօգնեն ձեզ խելամիտ նախազգուշական միջոցներ ձեռնարկել: Պետք է օգտագործվեն միայն իրավասու տեղեկատվության աղբյուրներ. օրինակ՝ ԱՀԿ կայքը կամ հանրային առողջապահության տեղական մարմինը:

«COVID-19 համավարակը խախտել է սովորական կյանքի ուղին, բայց նոր հնարավորություններ է բացել, այնպես որ, այժմ կարող եք հեռախոսով և տեսակապի միջոցով ավելի շատ խոսել միմյանց հետ, ցուցաբերել ավելի շատ խնամք և զգայունություն մեր սիրելիների հանդեպ՝ գիտակցելով, որ յուրաքանչյուր մարդ ունի իր ուրույն հոգեբանական կարիքները», – նշել են գերատեսչությունում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել է նոր կորոնավիրուսի COVID-19  համավարակի բռնկում: Ըստ ԱՀԿ-ի վերջին տվյալների՝ աշխարհում վարակվել է ավելի քան 874,5 հազար մարդ, մահացել է ավելի քան 43 հազարը, ապաքինվել է ավելի քան 184,9 հազարը: