«Ոչ մի ուրիշ տեղ չեմ ուզում լինել». Արիանա Կաոլի (տեսանյութ)

«Կատա՞կ ես անում»,- մայրս ականջներին չէր հավատում, երբ հերթական հեռախոսազրույցի ժամանակ ես նրան իմիջիայլոց տեղեկացրի, որ այս և հաջորդ տարին անցկացնելու եմ Հայաստանում, ապրելու և աշխատելու եմ այստեղ, որ հետաձգել եմ այս տարվա հոկտեմբերին սկսվելիք Օքսֆորդի համալսարանի այդքան ցանկալի ակադեմիական ծրագիրը: Ընկերներս ու գործընկերներս որոշումս ընդունեցին նույն թերահավատությամբ, ոմանք՝ անթաքույց քամահրանքով. չեն հասկանում, թե ինչպես կարելի է հեռանալ Ավստրալիայից՝ աշխարհի ամենաերջանիկ երկրից (ըստ ՏՀԶԿ «Ավելի լավ կյանք» վերջին զեկույցի), որն «Էկոնոմիստը»  համարել է 2013-ին երկրորդը «ծնվելու համար լավագույն վայրերից»:

Լևոնի ընտանիքն էլ փորձում է հասկանալ՝ արդյոք չե՞մ խելագարվել, իսկ Երևանի գործընկերներիցս մեկը կարծում է, որ ես կարող էի անմահանալ որպես առաջին մարդը, որ Երևանում աշխատելը նախընտրել է Օքսֆորդի համալսարանում սովորելուց, Հայաստանը նախընտրել է Ավստրալիայից: Լևոնի մի քանի ընկերներ անամոթաբար գրազ են եկել, թե ինչքան կդիմանամ: Բայց ես ինձ թույլ չեմ տա ենթարկվել նմանօրինակ զանգվածային ճնշման…

Ահա այսպես, իր խոստովանությամբ, հրաժարվելով լավագույն կյանքի հեռանկարից՝ ավստրալացի շախմատիստուհի Արիանա Բո Կաոիլին, որի երակներում հոսում էր ֆիլիպինյան, իռլանդական և հոլանդական արյուն, հանգրվանեց Հայաստանում, մի երկրում, որտեղ իր բնորոշմամբ մարդիկ ապրում են լավագույն երկրի հույսով և դա այդ լեռնային երկրի բնակիչների երակներում կրակ է ավելացնում, կյանքը դարձնում իմաստալից: Արիանայի համար Հայաստանում մարդիկ ապրում են հատուկ նպատակով, որը վեհացնում է նրանց, որովհետև նրանց մղումները անանձնական են, համազգային:

Արիանան սիրում էր մեջբերել Մարտին Լյութեր Քինգի հետևյալ խոսքերը. «Եթե մարդ չի գտել այն, հանուն ինչի պատրաստ է կյանքը տալ, ուրեմն դեռ պատրաստ չէ ապրել», խոստովանելով, որ այստեղ՝ Հայաստանում է ինքը գտել իր կյանքի այն նպատակը, հանուն որի կուզեր ապրել, աշխատել ու նպաստել այդ համընդհանուր նպատակի իրականացմանը՝ Հայաստանի բարգավաճմանը, Հայաստանում ավելի լավ կյանքի արարմանը: «Հայաստանում յուրահատուկ զարկերակ կա, ու այն շատ ուժեղ է: Դա ավելի բարձր, ավելի մեծ նպատակի ձգտումն է, որով հավասարապես համակված է ամբողջ հասարակությունը՝ վերից վար: Ես չեմ կարող շոշափել այդ զարկերակը, բայց ուզում եմ որսալ այն, ինչ ունեն հայերը, ինչպես ուզում եք անվանեք դա: Երևանում ես զգում եմ, թե ինչպես են մարդիկ պահում ավելի լավ Հայաստանի հույսը, ու հենց այս հույսն է, որ նպատակի գիտակցում է հաղորդում նրանց կյանքին:

Երևանի պես միշտ կենդանի քաղաքում ապրելը առույգացնում է, հատկապես գիշերները։ Բայց խոսքը միայն երեկույթների և քաղաքային կյանքին հատուկ զվարճանքների մասին չէ, երբ մարդիկ ամբողջ շաբաթ աշխատում են՝ կաշվից դուրս գալով, որպեսզի մի քանի կաթիլ հաճույք վայելեն սովորաբար միայն շաբաթ օրերին՝ համեմված անհիմն թանկ կոկտեյլներով, արհեստական զրույցներով ու օդում կախված սթրեսով (Նյու Յորքն ու Սիդնեյը սա շատ լավ են անում), ոչ էլ անհոգ լողափնյա կյանքի, որը բնորոշ է Քվինսլենդին, որտեղ անցկացրել եմ մանկությանս մի քանի տարիները։ Քվինսլենդը հայտնի է իր ծույլ ու արևոտ ծովափնյա կյանքով, արևայրուքով ու դաջվածքներով պատված մարմիններով, որոնք ճեմում են լողափին՝ ցուցադրելով իրենց,  ու ժպտալիս մի քիչ չափն անցնում են, որովհետև կյանքն այնքան հիասքանչ է։ Չէ, Հայաստանում մարդկանց մեջ ինչ-որ հատուկ կիրք կա, որը մշտապես շրջանառվում է նրանց երակներով՝ հույսով ձգտելով դեպի լավ ապագան ու ներշնչվելով անցյալից։  Սա այնքան էներգիա և մոտիվացիա է տալիս, որ ոչ մի ուրիշ տեղ չեմ ուզում լինել»,- մի առիթով գրել է Հայաստանի դուստրը։

Ցավոք, նա այլևս մեզ հետ չէ, երեկ «Աստղիկ» բժշկական կենտրոնում, դադարեց բաբախել նրա սիրտը, որտեղ տեղափոխվել էր մարտի 15-ի կեսգիշերին իր վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում բետոնե հենասյանը բախվելու հետևանքով: Բժիշկները մի քանի ծանր վիրահատությունից հետո Արիանայի վիճակը գնահատում էին կայուն, և անգամ նրա առողջական վիճակում բարելավում էր արձանագրվել: Բայց երեկ նրան նորից տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ մահացել էր: Ընդամենը 33 տարեկան էր՝ Հայաստանում հայկական ազգանունով երեխաներ ունենալու և մեծ ու ջերմ ընտանիք կազմելու երազանքով:

Նա Հայաստանի առաջատար գրոսմայստեր, ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթակիր Լևոն Արոնյանի կինն էր: Ամուսինն առաջինն էր, որ թվիթերյան իր էջում մեծ ցավով հայտնեց կնոջ մահվան բոթը՝ նշելով, որ խոսքեր չունի ծանր կորուստը նկարագրելու համար:

«Նա չափազանց աշխատասեր, խելացի և կենսուրախ անհատականություն էր: Սիրում եմ հավերժ, ննջի՛ր խաղաղությամբ»,- գրել է Արոնյանը: Եվ Լևոնի հետ Արիանայի մահվան լուրը սգացինք բոլորս, Արոնյանի բոթից հետո «Ֆեյսբուք» սոցալական ցանցում հայերը սգում էին, ափսոսանքի ու վշտի իրենց խոսքերով կիսվում: Իսկապես մեծ է մեր կորուստը, քանի որ Հայաստանն Արիանային հայացրել էի, իսկ Արիանան՝ Հայաստանն ավելի բարիացրել ու լույսով լցրել:

Արիանա Բո Կաոիլին ծնվել էր 1986 թվականի դեկտեմբերի 22-ին, Մանիլայում: Նրա հայրը ֆիլիպինցի է, իսկ մայրը կիսով չափ հոլանդուհի, կիսով չափ՝ իռլանդուհի: Դեռ փոքր տարիքից աղջնակը շախմատի հանդեպ յուրահատուկ վերաբերմունք դրսևորեց՝ այդպես կանխորոշելով իր հետագա հաջողություններն ու նվաճումները շախմատի ոլորտում:

14 տարեկանում Իտալիայի Կոնկա դելլա Պրեսոլանայի ուժեղ մրցաշարում 9 հնարավորից վաստակեց 5½ միավոր։ 2002-ին նրա վարկանիշն անցավ 2300-ից: Նա Ավստրալիայի լավագույն շախմատիստուհիներից էր և այդ երկրի կանանց հավաքականի կազմում մասնակցել է 2008-ի համաշխարհային օլիմպիադային, որը կայացել է Դրեզդենում (Գերմանիա)։ 2009-ին Կաոիլին 9 հնարավորից վաստակելով 8 միավոր՝ հաղթել է Մեծ Բրիտանիայում կայացած «Լոնդոն Չեսս կլասսիկ» խոշոր մրցաշարում՝ 2 միավորով առաջ անցնելով մոտակա մրցակցից։ Արիանան ՖԻԴԵ-ի վարպետ էր և կրում էր «շախմատային Աննա Կուրնիկովա» տիտղոսը:

Բայց շախմատը նրա միակ սերն ու նվաճումը չէր: Զուգահեռ նա ուսում է ստացել նաև տնտեսագետի մասնագիտությամբ, և հենց այդ ոլորտում ունեցած գիտելիքների շնորհիվ էր, որ 2017 թվականին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նրան նշանակեց վարչապետի խորհրդական` հասարակական հիմունքներով։

Նրան համարում էին Հայաստանի դուստրը, որովհետև Արիանան իր կարողությունները, սերը նվիրում էր մեր պետության բարօրությանը և դրանից լիցքեր ու կենսաուժ ստանում (հենց ինքն էլ Հայաստանն իրենն էր համարում և ամեն անգամ Հայաստանի, Երևանի մասին խոսելիս ասում էր՝ մեր Հայաստանը, մեր Երևանը): Իր ամուսնուց առավել թերևս նրա հայրենիքն էր սիրում, մանավանդ որ Հայաստանի հետ ավելի վաղ էր ծանոթացել, քան Լևոն Արոնյանի: Ահա թե նա ինչպես է նկարագրել իր առաջին ծանոթությունը Հայաստանի ու հայկականի հետ:

«Գիտակից կյանքում իմ առաջին առնչությունը հայկականի հետ դեռ 2000-ին էր, երբ ես՝ ծղրիդի չափ մի աղջիկ, Թուրքիայում ընթացող Շախմատի օլիմպիադայում Ֆիլիպիններն էի ներկայացնում առաջին տախտակի մոտ և մրցում էի Լիլիթ Մկրտչյանի հետ։ Խաղն ավարտվեց ոչ ոքի։ «Ձվից նոր դուրս եկած» մի թիզ աղջկա համար դա վատ արդյունք չէր, բայց թերևս ամենացանկալի արդյունքը չէր Հայաստանի մեծ ու հզոր հավաքականի համար։ Եվ, իհարկե, ես հաճույք եմ ունեցել Հայաստանի հետ նաև ակադեմիական առնչության՝ այնպիսի լեգենդար պատմաբանների գործերի միջոցով, ինչպիսիք են, օրինակ, Ռոնալդ Սյունին, Դևիդ Մարշալ Լանգը և Ջորջ Բուռնությանը»։

Օտար արմատներով հայուհին առաջին անգամ Երևան էր եկել 2007թ. գարնանը, երբ Լևոն Արոնյանը հաղթեց Կրամնիկին Օպերայի և բալետի ազգային թատրոնի շենքում։ «Առաջին տպավորությունը Հայաստանից այնպիսին է, ասես սա մարդու մասնատված մարմին լինի, որի սիրտը սփռված է աշխարհով մեկ, ահռելի ուժով արյուն (և փող)  մատակարարելով հայրենիքին, իսկ Երևանը ուղեղն է, որը ղեկավարում է երկիրը տնտեսապես ու քաղաքականապես։ Հայաստանի երակները ձևավորել են նրա արվեստի և մտքի հրաշալի հսկաները, դրանցով հոսում է Հայաստանի պատմությունը՝ որպես այս ժողովրդի էներգիայի և հույսի էությունը սերնդեսերունդ փոխանցող գեղեցիկ ու ողբերգական միջոց։ Բայց Հայաստանի հոգին կգտնես Երևանից դուրս՝ վաղուց մոռացված գյուղերում, նրանց խոհանոցում ու բնության մեջ, ինչը շատ հաճախ անտեսում են զբոսաշրջիկները։

2016 թվականի փետրվարին Արիանան Երևանում հիմնադրում է «Ճամփորդ» շաբաթաթերթը, որի գլխավոր խմբագիրն էր։ Թերթը չէր վաճառվում, այլ անվճար բաժանվում էր երևանցիներին: Այն յուրաքանչյուր երեքշաբթի անվճար կարող էին ձեռք բերել Երևանի քաղաքային տրանսպորտի ուղևորները: Իսկ մեկուկես տարի առաջ հանդես էր եկել հրաշալի նախաձեռնությամբ, հեծանվարշավի շնորհիվ Արիանան դրամահավաք է իրականացրել՝ Հայաստանի մանուկներ հիմնադրամի՝ Տավուշի մարզի շահառու սահմանամերձ գյուղերի համար։

Տեսանյութում Արիանան ասմունքում է Համո Սահյանի «Ախր ես ինպես…» բանաստեղծությունը:

Պատրաստեց Թագուհի Ասլանյանը