Ադրբեջանը երեկվա գործողություններով հավանաբար ուզում է հող նախապատրաստել պատերազմի համար

Հայ-ադրբեջանական սահմանին երեկ թշնամու ագրեսիվ գործողությունների հետևանքով իրավիճակը կրկին սրվեց: Այն, որ ադրբեջանական կողմի կատարած գնդակոծությունը և դիվերսիոն ներթափանցման փորձը տեղի ունեցան Արցախում այսօր առավոտյան մեկնարկած նախագահական և խորհրդարանական ընտրություններից ընդամենը ժամեր առաջ, հուշում է, որ կատարվածը պատահականություն չէ:

Մեր թշնամին նախկինում բազմիցս է սադրել, բայց երեկ երեկոյան կատարվածը, կարծում եմ, Ադրբեջանի ոչ թե սովորական սադրանքն է, այլ պատերազմի համար հող նախապատրաստելու փորձ: Թե ինչու եմ այս ենթադրությանը կամ հետևությանը հանգել, կփորձեմ հիմնավորել քիչ հետո, իսկ մինչ այդ ի մի բերելով, ներկայացնեմ Ադրբեջանի ագրեսիայի, դրա հետևանքների, ինչպես նաև արձագանքների վերաբերյալ այն տեղեկատվությունը, որն այս պահին կա իմ ձեռքի տակ: ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ երեկոյան հանդես գալով հայտարարությամբ, տեղեկացրեց.

«Այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:

Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։

Այնուհետև ՀՀ պաշտպանության նախարարությունը տարածեց նախորդը գրեթե ամբողջությամբ կրկնող հետևյալ հայտարարությունը.

«Մարտի 30-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող:

Միաժամանակ. հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որն այդ պահին գտնվել է պատշգամբում:

Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և պանդեմիայի պայմաններում ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ծառայության ուժերի ձեռնարկած գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»:

Վերոնշյալ երկու հայտարարությունից անհասկանալի է մնում` ՀՀ զինված ուժերն առաջիկայում դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի` ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկա՞ծ (այսինքն` արդեն իսկ ձեռնարկած) գործողությունները սաստելու նպատակով, թե՞ առաջիկայում նույն ուժերի կողմից հնարավոր ձեռնարկվելիք գործողությունները սաստելու նպատակով, այսինքն` նմանաբնույթ նոր գործողությունների ձեռնարկման դեպքում:

Տեղեկացնենք, որ Ոսկեվան համայնքի բնակիչը հրազենային վիրավորում է ստացել կրծքավանդակի շրջանում, 14-ամյա պատանին, որի վիճակը կայուն ծանր է, արդեն տեղափոխվել է Երևան, ըստ բժիշկների, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Երեկ հայտնի դարձավ նաև, որ ադրբեջանական կողմը մարտի 30-ին շուրջ 30 րոպե գնդակոծել է նաև Տավուշի մարզի Կոթի գյուղը։

Ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ հայտարարություններով են հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը և ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբը: Վերջինիս հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«ՀՀ Տավուշի մարզի նկատմամբ ադրբեջանական անդրսահմանային ագրեսիան (վիրավորվել է 2 զինծառայող, 1 երեխա) հաստատում է երկու իրողություն․

1․ Հայաստանի և Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի անթիվ ակնհայտ դրսեւորումներին դիմակայելու ԵԱՀԿ դժկամությունը՝ հօգուտ կեղծ հավասարության, երբ բոլոր կողմերին կոչ է արվում ձեռնպահ մնալ բռնությունից, ոգևորել է Բաքվին այն աստիճան, որ այն այսօր պատրաստ է դիմել գլոբալ համավարակի պայմաներում տարածաշրջանային պատերազմի ռիսկի։

2․ Հայերը երբեք չեն ընդունի Մադրիդյան ոճով գործարքը, որը պահանջում է Արցախից զիջել վիթխարի տարածք, ռազմավարական խորություն, ինքնիշխանություն և անվտանգություն՝ Ադրբեջանի անորոշ, շրջելի թղթային խոստումների դիմաց»։

Ադրբեջանական կողմի սադրանքի առնչությամբ երեկ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձերը, որոնց հետևանքով վիրավորում է ստացել Տավուշի մարզի Ոսկևան համայնքի 14-ամյա բնակիչը,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:- Միևնույն ժամանակ նույն հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ընթացքում վիրավորվել է ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող:

Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս գործողություններով Ադրբեջանը արհամարհում է միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ այս ժամանակաշրջանում զինադադարն անվերապահ պահպանելու և սադրիչ գործողություններից ձեռնպահ մնալու կոչերը:

Այս ռազմական միջադեպը փաստում է, որ կամ ադրբեջանական կողմը չի վերահսկում սահմանին իր զինված ստորաբաժանումների գործողությունները, կամ գնում է իրադրության միտումնավոր սրման՝ կրելով դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը:

Այս գործողությունների հետևանքով տուժած մեր քաղաքացիներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն այսօր ճեպազրույցի ընթացքում պատասխանելով ադրբեջանական կողմի երեկվա գործողությունների առնչությամբ հարցին, ասել է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նման իրավիճակներում արտասահմանյան գործընկերներին`ՀԱՊԿ-ին և ԵԱՀԿ-ին, տեղեկացնելու հստակ գործիքակազմ ունի:

ԱԳՆ մամուլի քարտուղարը պատասխանելով հարցին` ԵԱՀԿ-ն և ՀԱՊԿ-ն արդյոք տեղեկացվե՞լ են կատարվածի մասին, ասել է, որ այսպիսի դեպքերում գործողությունների հստակ գործիքակազմ գոյություն ունի:

ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում այսօր հրապարակվել են նաև ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի պատասխանները լրագրողների հարցերից մի քանիսին.

«Հարց. Երեկվա ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման փորձից հետո ինչպե՞ս կգնահատեք հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունն այն համատեքստում, որ ամբողջ աշխարհը զբաղված է ոչ թե պատերազմելով կամ պատերազմական իրավիճակներ հրահրելով, այլ կորոնավիրուսի դեմ պայքարով:

Աննա Նաղդալյան. Ինչպես գիտեք, երեկ Արտաքին գործերի նախարարությունն արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ, որով խստորեն դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը լարելու ադրբեջանական այս փորձերը: Գիտեք, հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումը որևէ արդարացում չունի, հատկապես այն պարագայում, երբ աշխարհի բոլոր երկրների, այդ թվում՝ տարածաշրջանային բոլոր երկրների բժշկական ռեսուրսները կենտրոնացած են կորոնավիրուսի դեմ պայքարին: Եվ այս հարցի առումով կցանկանայի հղում կատարել ԱԳՆ երեկվա հայտարարությանը:

Հարց. Հայ-ադրբեջանական սահմանին մարտի 30-ին տեղի ունեցած ռազմական միջադեպի վերաբերյալ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունում կարդում ենք՝ «Հրադադարի՝ որևէ կերպ չհրահրված այս խախտումն որևէ արդարացում չունի, հատկապես այսօր, երբ աշխարհի բոլոր երկրների բժշկական ռեսուրսները մոբիլիզացված են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարում»: Ի՞նչ է նշանակում «հրադադարի որևէ կերպ չհրահրված խախտում» արտահայտությունը:

Աննա Նաղդալյան. «Որևէ ձևով չհրահրված» արտահայտությունը նշանակում է, որ հրադադարը խախտող կողմի գործողությունները որևէ ձևով պայմանավորված չեն եղել մյուս կողմի այս կամ այն գործողություններով: Այս տերմինը լայնորեն օգտագործվում է հակամարտային իրավիճակներում:

Մենք իրապես զարմացած ենք, որ մեր որոշ փորձառու փորձագետներ իրենց համար նոր են բացահայտում այս տերմինը: Միաժամանակ ափսոսանքով պետք է նշեմ, որ որոշ փորձագետների մոտ միջազգայնորեն ընդունված ռազմաքաղաքական տերմինաբանության ընկալման բարդությունները պայմանավորված են միայն ներքաղաքական բնույթով:

Հարց. Պանդեմիայի օրերին Ադրբեջանական ԶՈՒ դիվերսիոն ներթափանցման երկրորդ փորձի մասին (առաջինը տեղի է ունեցել մարտի 6-ին) ՀՀ ԱԳՆ-ն հայտնե՞լ է միջազգային կառույցներին: Եթե այո, ապա ո՞ր կառույցներին և ի՞նչ արձագանքներ են ստացվել:

Աննա Նաղդալյան. Պետք է հայտնեմ, որ ԱԳՆ ունի նման իրավիճակներում հաստատված հստակ գործիքակազմ և լավագույնս տիրապետում է այդ գործիքակազմը գործի դնելու բոլոր մեխանիզմներին»:

Հայաստանի արտգործնախարարությունը տարածել է նաև հայտարարություն, որում նշված է.

«Հավատարիմ լինելով միջազգային փաստաթղթերի ընտրովի մեկնաբանության իր ավանդական դիրքորոշմանը՝ Թուրքիան մի կողմից վկայակոչում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը, մյուս կողմից՝ անտեսում վերջիններիս՝ անմիջականորեն տարածաշրջանի երկրներին ուղղված կոչը՝ ձեռնպահ մնալու ղարաբաղյան  հակամարտության համատեքստում որևէ թշնամական գործողություններից։

Մինչդեռ հենց նույն Թուրքիան է տասնամյակներ ի վեր ցամաքային շրջափակման ենթարկում Հայաստանի Հանրապետությանը և աջակցում է Արցախի ժողովրդի դեմ սանձազերծվող ագրեսիվ և վայրագ գործողություններին՝ այդ թվում 2016 թ. ապրիլին:

Նույնքան անհիմն է Թուրքիայի արտգործնախարարության կողմից ԵԱՀԿ սկզբունքների և Մինսկի գործընթացի վկայակոչումը:

Հիշեցնում ենք, որ 1992թ. մարտի 24-ի ԵԱՀԿ/ԵԱՀԽ այն որոշումը, որով հիմք է դրվել Մինսկի գործընթացին, հղում է կատարում Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչներին` որպես այդ գործընթացի մասնակից: Ընտրյալ ներկայացուցիչներ ունենալու համար պետք է ունենալ ընտրություններ, և այդ տեսակետից Արցախում անցկացվելիք ընտրությունները ոչ միայն չեն հակասում այլ բխում են խաղաղ կարգավորման տրամաբանությունից և դրա հիմքում դրված փաստաթղթերից:

Թուրքիայի փորձերը հանդես գալու միջազգային իրավունքի պաշտպանի դերում և նրա կոչերը միջազգային համայնքին առավել քան սնանկ են՝ այդ երկրի կողմից ժողովուրդների իրավունքների և հարևան երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ շարունակական ոտնձգությունների և միջազգային իրավունքի ու ժողովրդավարության նորմերը ոտնահարող ագրեսիվ քաղաքականության իրականացման լույսի ներքո»:

Հիմա անդրադառնամ հոդվածիս սկզբում արտահայտված այն հետևությանը, որ երեկ երեկոյան կատարվածն Ադրբեջանի ոչ թե սովորական սադրանքն է, այլ պատերազմի համար հող նախապատրաստելու փորձ:

Ինչո՞ւ հիմա… Ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված գնդակոծությունը և դիվերսիոն ներթափանցման փորձը տեղի ունենալով այսօր Արցախում մեկնարկած նախագահական ու խորհրդարանական ընտրություններից ժամեր առաջ ու սրելով սահմանագոտում իրավիճակը, կարծում եմ, նպատակ ունեն Արցախում ընտրություններով պայմանավորված ներքին իրավիճակի սրման, չբացառված ներքին բախումների, ինչպես նաև Արցախի իշխանությունների կողմից իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու պարագայում օգտվել մինչ այժմ աննախադեպ այդ առիթից, իսկ դրա համար ունենալ հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակի սրման տեսքով արդեն իսկ նախապատրաստած հող` հաշվարկելով, որ Հայաստանի ԶՈւ-ի պատասխան գործողություններն իրենց հնարավորություն կտան հետագայում պատերազմի առիթ դարձած լարվածության մեղքը հայերիս վրա բարդել` իբր թե իրականում առաջինը մենք ենք իրենց հարվածներ հասցրել և Ադրբեջանի համբերության բաժակը լցրել, դանակը հասցրել ոսկորին:

Նկատի ունենանք, որ Արցախում ընտրությունները երբեք այս աստիճան լարված ներքին և արտաքին պայմաններում չեն ընթացել և երբեք այս աստիճան կարևոր, այդ թվում նաև` աշխարհաքաղաքական առումով, նշանակություն չեն ունեցել: Նաև հիշենք, որ Ադրբեջանը 2018թ. ապրիլին հայ-ադրբջանական սահմանագոտում կենտրոնացնում էր մեծաքանակ զինուժ և ռազմական տեխնիկա` պատրաստվելով այստեղ լուրջ բախումների և իրավիճակի` վերահսկողությունից դուրս գալու դեպքում հարձակման: Թշնամին պետք է պարզապես հիմար լինի իրեն ձեռնտու պայմանների առաջացման դեպքում դրանից չօգտվելու համար, իսկ Ադրբեջանում բոլորը չէ, որ հիմար են, առավել ևս` հիմար չեն նրա անդրսահմանային կամ անդրօվկիանոսյան խորհրդատուները:

Արցախում ներքին իրավիճակի թեժացումից, անվերահսկելի դառնալուց բացի, կա ևս մի հանգամանք, որի դեպքում Ադրբեջանը նույնպես կարող է պատերազմ սկսելու հրահանգ ստանալ դրսից ու սկսել, բայց քանի որ Արցախում ձայների հաշվարկն այս պահին գուցե դեռ ավարտված չէ, ձեռնպահ կմնամ այդ մասին նշել:

Ինչո՞ւ է մեր թշնամին երեկվա գործողությունները կատարել ոչ թե Արցախի և Ադրբեջանի, այլ Հայաստանի և Ադրբեջանի սահմանագոտում… Որպեսզի կատարվածը, հատկապես «միջազգային հանրություն» կոչվածի կողմից, չկապվի Արցախում կայացած ընտրությունների հետ:

Անկախ նրանից` վերը ներկայացված ենթադրությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, թե ոչ (դա միայն հետագա իրադարձությունները ցույց կտան), մենք պետք է հաշվի առնենք, որ այն հենց իրականությունն է արտահայտում, պետք է հաշվի առնենք նշված վտանգի առկայությունը, և Արցախում ու Հայաստանում ճիշտ հետևություններ կատարենք, պատրաստ լինենք իրադարձությունների ցանկացած զարգացման:

Արթուր Հովհաննիսյան