Վարակաբանը գնահատել է կորոնավիրուսի անհետացման հավանականությունը. «ՌԻԱ Նովոստի»

Կորոնավիրուսի վարակն արդեն չափազանց լայն է տարածվել, և, ամենայն հավանականությամբ, այն ամբողջությամբ չի վերանա, կարծում է Սեչենովի համալսարանի բժշկական մակաբուծաբանության, արևադարձային և փոխանցվող հիվանդությունների ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Լուկաշևը:

Ըստ նրա, COVID-19-ը չի կարելի համեմատել ատիպիկ թոքաբորբի հետ, որին հաջողվեց  վերջապես հաղթել:

«Այն չի վերանա, նրա տարածման մասշտաբները չափազանց ընդգրկուն են, այն լավ է փոխանցվում և գոյություն ունի աշխարհի բոլոր երկրներում: Ամենայն հավանականությամբ, այս վիրուսը մեզ հետ կմնա հավերժ»,- «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին հայտնել է բժիշկը:

Լուկաշևը նաև կանխատեսել է, որ հետագայում կորոնավիրուսը կդադարի հասարակության համար վտանգավոր լինելուց:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել է նոր կորոնավիրուսի COVID-19  համավարակի բռնկում: Ըստ ԱՀԿ-ի վերջին տվյալների՝ աշխարհում վարակվել է ավելի քան 803,6 հազար մարդ, մահացել է ավելի քան 39 հազարը, ապաքինվել են 172, 7 հազարից ավելին: