Ինչու է արտակարգ դրությունը մեզանում ուրախ անցնում

Արտակարգ դրության պարետի հանձնարարականով հանրային տրանսպորտում 10-ից ավելի (ըստ նստատեղերի քանակի) մարդկանց տեղաշարժը թույլատրվում է, իսկ ահա անձնական մեքենաներում երկուսից ավելի մարդկանց տեղաշարժն արգելվում է՝  նույնիսկ եթե մարդիկ նույն ընտանիքից են, ապրում են միևնույն բնակարանում: Ստացվում է աբսուրդ վիճակ՝ մարդիկ նույն տանն ապրելով, նույն օդը շնչելով, միասին սնվելով, նաև միասին քնելով՝ վարակի տարածման վտանգ չեն ստեղծում, բայց ահա երբ հայտնվում են իրենց մեքենայի մեջ…

Բանն այնտեղ է հասել, որ փոխնախարար մարդը հայտարարում է, թե ամուսինները պիտի առանձին մեքենաներ նստեն, քանի որ… դա անվտանգ է վարակի տարածման առումով…

Պարետի այս որոշումը մարդկանց համար անիմաստ անհարմարություններ ստեղծելուց զատ նաև անափ ուրախության պատճառ է դարձել, ու համացանցը հագեցված է այդ որոշման ու նաև նշյալ փոխնախարարի մեկնաբանության ծաղրական արձագանքներով: Մինչդեռ արտակարգ դրության ժամանակ որոշումները պիտի արտակարգ մտածված լինեն, այլապես մարդիկ անհրաժեշտ զգոնություն չեն դրսևորի: Հատկապես կարգապահությամբ չփայլող մեր ժողովրդի դեպքում:

Կարող է հարց առաջանալ, թե որտեղի՞ց է գալիս մարդկանց միաժամանակ նեղություն և ուրախություն պատճառող այս որոշումը: Եվ ահա նույն համացանցից տեղեկանում ենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ունի նման հանձնարարական ավտոմեքենաների հետ կապված, այն իջեցվել է նաև եվրոպական երկրներում, սակայն այնտեղ ցուցաբերել են ողջամտություն և այդ դրույթը չի տարածվում միևնույն հասցեում գրանցված կամ միևնույն տանիքի տակ ապրող ընտանիքի անդամների վրա, և մարդիկ իրենց ավտոմեքենայում կարող են գտնվել թեկուզև չորս կամ ավելի հոգով: Ենթադրելի է, որ նույնը կլինի նաև տաքսիների դեպքում, և եվրոպացի փոխնախարարները նույն անկողնում քնող ամուսիններին խորհուրդ չեն տա երկու տաքսի պատվիրել, ինչ է, թե այդպես միմյանց վարակելու վտանգը կթուլանա:

Դա Եվրոպայում, իսկ ահա մեզ մոտ, սովորականի նման, երկար բարակ չեն մտածել ու հանձնարարականը մեխանիկորեն պատճենել են: Սա իհարկե ունի իր դրական կողմը՝ արտակարգ դրությունը մեզ մոտ, ի տարբերություն Եվրոպայի, ուրախ է անցնում: Ինչի համար արժե շնորհակալություն հայտնել հայրենի իշխանություններին և դադարել տրտնջալ պարգևատրումների մեծ չափերից: Ընդունենք, որ հասնում է:

Արծրուն Պեպանյան