«Ինձ ընտրողն ինձ հետ միասին կանգնում է մեր զորքի շարքերում»․ Վիտալի Բալասանյան

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչներն օրեր առաջ հանդիպում են ունեցել «Ղարաբաղ տելեկոմ» և «Արցախկապ» ընկերությունների աշխատակիցների հետ։

Վ. Բալասանյանն, առանց փակագծերը բացելու, հանդիպման առիթն օգտագործելով, բոլորին հայտնել է իր շնորհակալությունը 2016-ի ապրիլյանի օրերին իրենց աշխատանքի համար, քանի որ առանց նրանց ապահոված կապի, ամեն ինչ շատ ավելի բարդ էր լինելու։

«Թեև մինչ օրս առիթ չեմ ունեցել ասելու ու գնահատական տալու և չգիտեմ էլ՝ պատասխանատուներից ով որքանով է գնահատել, որպես առաջին գծի պատասխանատու՝ հիմա նշեմ, որ հոգաչափ շնորհակալ եմ բոլորիցդ։ Չունեինք մեկ մետր հատված, որ կապից դուրս լիներ…»,- ընդգծեց գեներալ Բալասանյանը։

Իհարկե, հիմա էլ մի այլ պատերազմական իրավիճակում է հայտնվել հայ ժողովուրդը, պայքարելով նոր տիպի վտանգի՝ կորոնավիրուսի դեմ։

Ի դեպ, մինչև հանդիպման մեկնարկն Արցախի նախագահի թեկնածու Վ. Բալասանյանը բոլոր հավաքվածներին բժշկական դիմակներ բաժանեց և խնդրեց կրել դրանք՝ այս օրերին շատ ուշադիր լինել մասնագետների հորդորներին։

«Համաշխարհային պատերազմ է, ժողովուրդ, շատ զգույշ պիտի լինենք։ Դեռևս մարտի 15-ին եմ դիմել Արցախի նախագահին՝ կոչ անելով հետաձգել ընտրությունները, բայց մինչ օրս որոշում չկա՝ ինձ համար անհայտ պատճառներով։ Մեր իրավաբանների խումբն ուսումնասիրել է Սահմանադրությունը, և եզրակացությունը հրապարկվել է, ըստ որի, այո՛, մեր Սահմանադրությունը թույլ է տալիս Արցախում արտակարգ դրություն հայտարարել»,- ասաց Բալասանյանը՝ հավելելով, որ իրենք ևս այս օրերին սպասում են երկրի ղեկավարության պատասխանատու որոշմանը։