ԱՄՆ-ը 1,1 միլիոն դոլար կտրամադրի Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակում նախատեսում է օգնություն ցուցաբերել Հայաստանին։

Ինչպես հայտնում է «Ամերիկայի ձայնը», այդ նպատակով ԱՄՆ պետքարտուղարությունը և Միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում են Հայաստանին տրամադրել 1,1 միլիոն ԱՄՆ դոլար: Օգնությունը կուղղվի Հայաստանում առողջապահության ոլորտի բարելավմանը, մասնավորապես լաբորատոր համակարգերի զարգացմանը, կորոնավիրուսի դեպքերի բացահայտման հնարավորությունների մեծացմանը, փորձագիտական շրջանակների աջակցությանն ու մի շարք այլ ոլորտների:

Պետքարտուղարությունն ընդգծում է, որ վերջին 20 տարիներին Միացյալ Նահանգները որպես օգնություն Հայաստանի առողջապահության ոլորտի զարգացմանն է տրամադրել 106 միլիոն դոլար, իսկ ընդհանուր օգնության չափը կազմում է 1,57 միլիարդ դոլար:

Բացի Հայաստանից, ԱՄՆ պետքարտուղարությունը համավարակի դեմ պայքարի համար նախատեսում է օգնություն տրամադրել բազմաթիվ այլ երկրների առողջապահության ոլորտներին: