Չինական Ուհան քաղաքում մասնակի վերականգնվել է մետրոյի աշխատանքը. «ՌԻԱ Նովոստի»
Ուհանի մետրոն, որը դարձավ կորոնավիրուսի վարակի տարածման օջախը, շաբաթ օրը մասնակիորեն վերսկսել է իր աշխատանքը:
«Մարտի 28-ին, ժամը 6:30-ին վերսկսվել է 1, 2, 3, 4, 6 և 7 գծերի աշխատանքը: Գնացքն ընթանում է աշխատանքային օրերին` 6:00-ից 23:00-ը, հանգստյան օրերին`6:30-ից 23:00-ը»,- հաղորդել է Ուհանի ղեկավարությունը:
Միևնույն ժամանակ, մետրոյի բոլոր ուղևորները պարտավոր են կրել պաշտպանիչ դիմակներ, մուտքի, ելքի և այլ գծերի մոտ տեղափոխման ժամանակ պետք է սկանավորվի անձնական «առողջության կոդը»:
Այժմ Ուհանում գործում են մետրոյի ինը գծեր և 228 կայաններ: Թե երբ մնացածը կվերսկսեն իրենց աշխատանքը, դեռ չի հաղորդվում:
Մարտի 23-ից ի վեր բոլոր գնացքների գծերը, որոնք շաբաթ օրը վերսկսել են աշխատանքը, դատարկ գնացքներով գործարկվել են՝ ստուգելու բոլոր համակարգերը և վերացնելու հնարավոր խնդիրները, որոնք կարող էին առաջանալ երկարատև դադարի պատճառով:
Հաղորդվում է, որ նախապատրաստական աշխատանքները հաջողությամբ ավարտվել են, մետրոյի բոլոր համակարգերն աշխատում են՝ ինչպես հարկն է:
Այս տարվա հունվարի 23-ից Ուհանը փաստացի մեկուսացվել էր արտաքին աշխարհից՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով քաղաքում դադարեցվել է տրանսպորտային կապը, այդ թվում ՝ մետրոն, ավտոբուսները, լաստանավերը, ավտոբուսների և ջրային տրանսպորտի մուտքը քաղաք արգելված է, օդանավակայանը և երկաթուղային կայարանները չեն գործում, քաղաքի բնակիչներին արգելված է լքել քաղաքը՝ առանց հատուկ թույլտվության, մուտքը քաղաք իրականացվում է նույն սկզբունքով: Քաղաքում շարժը նույնպես խիստ սահմանափակ է:
Նահանգային իշխանությունները հայտարարել են, որ կարանտինը պլանավորվում է քաղաքից հանել ապրիլի 8-ին, այնուհետև Ուհանի բնակիչները կկարողանան հեռանալ պայմանով, որ իրենք առողջ են և այլևս վտանգ չեն ներկայացնում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել է նոր կորոնավիրուսի COVID-19 համավարակի բռնկում: Ըստ ԱՀԿ-ի վերջին տվյալների՝ աշխարհում վարակվել է ավելի քան 598 200 մարդ, մահացել է ավելի քան 27 700 հազարը: