Եթե լրատվամիջոցը տուգանք վճարելուց հետո չհեռացնի խնդրահարույց հրապարակումը, կկիրառվի կրկնակի տուգանքի մեխանիզմը

Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձավ նոր կորոնավիրուսով պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182.3 հոդվածի 8-րդ մասին, որն օրեր առաջ ԱԺ-ում երկրորդ ընթեցմամբ և վերջնականապես ընդունվեց: Դրանով հստակեցվել է ԶԼՄ-ների (լրատվական գործունեություն իրականացնողների) կողմից արտակարգ դրության ժամանակ կառավարության որոշմամբ սահմանված կանոնները չպահպանելու դեպքում առաջացող պատասխանատվությունը:

Օրենքը նախատեսում է լրատվական գործունեություն իրականացնողների կողմից  Արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկատվության կանոնները չպահպանելու դեպքում տուգանք՝  նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով:

Այդուհանդերձ, լրատվական գործունեություն իրականացնողները չեն կարողանա տուգանքը վճարելով՝ թողնել խնդրահարույց հրապարակումը: Այդ դեպքում կկիրառվի կրկնակի տուգանքի մեխանիզմը:

«Չենք բացառել այն դեպքերը, երբ, օրինակ, լրատվական գործունեությունն իրականացնողը հրապարակի որոշակի տեղեկություն, ենթարկվի վարչական պատասխանատվության, բայց վարչական տույժի կիրառումից հետո կրկին չհեռացնի այդ հրապարակումը: Այս դեպքում ևս վրա է հասնելու վարչական պատասխանատվություն: Այդ դեպքում նախատեսված է տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի 500-1.000-ապատիկի չափով»,- ասաց Արփինե Սարգսյանը: