Քսաներկու լրատվամիջոցի հորդորել ենք հեռացնել պաշտոնականին չհամապտասխանող տեղեկատվությունները. փոխոստիկանապետ

Կառավարության մամուլի կենտրոնում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհերյանը պատասխանելով լրագրողների հարցին, ասաց. «Քսաներկու լրատվամիջոցի հետ մեր ստորաբաժանումներն աշխատել են, հորդորել են պարետի ցուցումներին հակասող և պաշտոնականին չհամապտասխանող տեղեկատվությունները հեռացվեն»: Նա նշեց, որ վարչական տուգանք դեռ ոչ մեկի նկատմամբ չի կիրառվել:

Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞րն է խուճապ պարունակող տեղեկատվությունը և ինչպե՞ս է դա որոշվում, նա ասաց. «Մենք ունենք համապատասխան մասնագետներ, ովքեր այդ տեղեկատվությունը մանրակրկիտ ուսումնասիրում են և խուճապ պարունակող տեղեկատվություն պարունակելու դեպքում անմիջապես արձագանքում են՝ հենվելով պարետի ցուցումի վրա»,- ասաց նա:

Փոխոստիկանապետը հայտնեց, որ օրական ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու 2-4 դեպք է լինում: «Առողջապահության մարմինների կողմից հասցեով մեզ անմիջապես տեղեկատվություն են գալիս, և այդ խախտումների 70-80 տոկոսը հեռախոսով կարգավորվում է, այսինքն՝ քաղաքացին անմիջապես ընկալում է մեր հորդորն ու խնդրանքը»,- ասաց նա և նշեց, որ անհրաժեշտության դեպքում նաև այցեր են անում: Նա նշեց, որ օրենքով նոր փոփոխությամբ արդեն կիրականացնեն իրենց գործողությունները:

Փոխոստիկանապետը նշեց, որ ինքնամեկուսացման ռեժիմի խախտման համար հատուկ խմբեր ձևավորելու անհրաժեշտություն չկա: «Անկախ այս իրավիճակից, տրանսպորտային միջոցները պետք է նստատեղերի պահանջը կատարեն, ամսի 20-ին ուժեղացված ծառայություն է սկսվել և 73 արձանագրություն ենք կազմել ավելի նստատեղով երթևեկություն կազմակերպելու համար»,- ասաց նա:

Փոխոստիկանապետը նաև նշեց, որ ոստիկանության զորքերը ներգրավված են արտակարգ դրության շրջանակներում իրականացվող գործողություններին, «շատ բարձր մակարդակի իրականացնում են իրենց ծառայությունը, ստորաբաաժանումները համապատասխան միջոցներով հագեցված են, միջոցների քանակը չեմ կարող ասել»,- ասաց նա: