Սադախլոյի անցակետը կբացվի բեռնատարների համար

Վրաստանում ՀՀ դեսպանատունը հայտնում է, որ Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր Վրաստանի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և նաև Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, որը Բագրատաշենի անցակետին հարող հատվածում դարձել էր բեռնատարների մեծ կուտակման պատճառ։
Վրացական կողմի փոխանցմամբ, այսօր՝ մարտի 23-ին ժամը 21։00-ից սկսած Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։
Մառնեուլի շրջանում մտցված կարանտինային ռեժիմի պատճառով բեռնատարները Մառնեուլի մոտակայքում կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլիի շրջանից դուրս)։