Թուրքական «ներկայացումը» Իդլիբում և ռուս-ամերիկյան միջադեպերը

Չնայած համընդհանուր խուճապին ու աշխարհի կենտրոնացմանը կորոնավիրուսի շուրջ, չմոռանանք, թե ինչ է կատարվում Սիրիայում: Չէ՞ որ մարտի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին սպառնացել է Սիրիայի իշխանություններին և… Ռուսաստանին․ իբր եթե Ռուսաստանը չկատարի իր «պարտականությունները», ապա թուրքերն ինքնուրույն «կլուծեն» Իդլիբ նահանգի հարցը: Պարզ է, թե ինչպես է Էրդողանը պատկերացնում Իդլիբի հարցի «լուծումը»․ արաբների սպանություն, տեղահանություն, բնիկների փոխարինում թուրքերով ու թուրքամաններով և այլն: Դե Թուրքիան «հարուստ փորձ» ունի. ​​սկզբում այդպես էին լուծում «հայկական հարցը», այնուհետև` ասորիների, եզդիների, հույների, Դերսիմի իրանահայերի (կամ հայ-իրանցիների) «հարցերը» և այլն:

Ինչպես տեսնում ենք, ոչ մի համաճարակ չի խանգարում Թուրքիային մնալ ֆաշիստական, ցեղասպան պետություն: Բայց պարզվում է, որ Էրդողանի սպառնալիքները չեն վախեցրել Սիրիային: Սիրիական բանակը անցած շաբաթ օգնություն է ուղարկել Իդլիբ նահանգի հարավային հատված՝ Ջեբել Զավիա լեռնային շրջան, «անհաշտ» գրոհայինների կողմից՝ մարտի 5-ի ռուս-թուրքական համաձայնագրերի պահանջները կատարելուց և Մ-4 ավտոճանապարհի (Հալեպ – Լաթաքիա) հարավից դիրքեր թողնելուց հրաժարվելու համապատկերին: Համաձայն լիբանանյան «Al-Masdar News» գործակալության ռազմական աղբյուրների տվյալների՝ կառավարական զորքերի լրացուցիչ ստորաբաժանումներ հարևան Համա, Հալեպ և Լաթաքիա նահանգներից վերջին օրերին տեղափոխվում են Իդլիբի ռազմաճակատի հարավային հատված: Նշվում է, որ նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերը պատրաստվում են վերսկսել ահաբեկիչների դեմ հարձակումը, սակայն «սպասելու են իրենց ռուս և իրանցի գործընկերների կողմից վերջնական հաստատմանը, որոնք ներկայումս բանակցում են Թուրքիայի հետ»:

Էրդողանն ակնհայտորեն հիշողության խնդիր ունի: Չէ՞ որ, մարտի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա բանակցությունների իրական արդյունքն այն է, որ Անկարայի վերջնաժամկետը երկարաձգվել է (մինչև մարտի վերջ)՝ «Սիրիայի զինված ընդդիմության» խմբավորումների բոլոր գրոհայինների դուրսբերումը Մ-4 մայրուղուց դեպի հարավ ապահովելու համար, որտեղ ռուս զինվորականները պետք է սկսեն մայրուղու նշված հատվածի պարեկությունը: Սակայն Իդլիբի հարավային հատվածում գործող «Թուրքստանի իսլամական կուսակցության» գրոհայինները, այսինքն՝ տարբեր երկրներից պանթուրքականները կտրականապես հրաժարվում են լքել իրենց դիրքերը: Ավելի ստույգ՝ դրանք Թուրքիայի անմիջական խամաճիկներն են, և քանի որ դրանք «ծայրահեղական» են, ապա աշխարհի առջև ընթանում է անձամբ Էրդողանի կողմից բեմադրված ներկայացումը: Եթե ​​նրանք շարունակեն համառել, ապա սիրիական բանակը ծրագրում է գրոհ իրականացնել Արիխա խոշոր գյուղի վրա, որն այժմ գտնվում է իսլամական գրոհայինների վերահսկողության տակ, իսկ այնուհետև՝ դեպի Ջիսր աշ-Շուգուր քաղաք՝ Իդլիբում թուրքամետ գրոհայինների հենակետը, պնդում են «Al-Masdar News»-ի աղբյուրները:

Միևնույն ժամանակ, Սիրիայում նկատվում է նաև ԱՄՆ և Ռուսաստանի զինված ուժերի հարաբերությունների սրացում: Սիրիական և լիբանանյան աղբյուրները հայտնում են, որ մարտի 16-ին ամերիկյան զորքերը հերթական անգամ արգելափակել են ռուս պարեկայինների շարժումը Թել Թամար քաղաքի մոտակայքում գտնվող ճանապարհի երկայնքով: Արձագանքելով ամերիկացիների լկտի սադրանքին՝ ռուս զինվորականները մարտի 17-ին և 18-ին օգնություն են ուղարկել Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջաններ՝ ուժեղացնելով իրենց ներկայությունը այս արաբական հանրապետության երկու նահանգներում՝ Ռաքքայում և Հասեկեյում: Համաձայն լիբանանյան «Al-Masdar News» գործակալության ռազմական աղբյուրների՝ Սիրիայի տարածքում գտնվող ռուսական զորքերի խմբավորման զրահատեխնիկայով ուղեկցորդները ուղարկվել են Թել Թամարի շրջան (Հասեկե) և «Տաբկա» ռազմական օդանավակայան՝ Ռաքքա նահանգի արևմտյան մասում: Էլ-Քամիշլի նահանգում ևս ընթանում է Ռուսաստանի ռազմական ներկայության ուժեղացում: Վերոնշյալը համառորեն հուշում է այն մասին, որ ինչ-որ «կրքերի պայթյունն» անխուսափելի է: Մեզ թույլ կտանք մի փոքր կանխատեսումներ անել. Թուրքիան ստիպված կլինի լքել ամբողջ Հյուսիսային Սիրիան, իսկ ամերիկացիներին «ժամանակ կտրվի»՝ կարճ ժամկետներում լքել Սիրիայի հյուսիսարևելյան շրջանները:

Սերգեյ Շաքարյանց