ԶԼՄ-ը կփոխարինվի «լրատվական գործունեություն իրականացնող» հասկացությամբ (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը։

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ ԶԼՄ-ների հետ կապված հարցադրմանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան նշեց. «Սկզբնական տարբերակի և հիմիկվա միջև ֆիզիկական և իրավաբանական անձանց մասով տեղեկություն հրապարակելու զանցաքի համար սանկցիան հանվել է: Կառավարությունը հիմա դիտարկում է որպեսզի արտակարգ դրության պայմաններում խոսքի ազատության սահմանափակման կա՛մ այլ շրջանակ լինի, կա՛մ առհասարակ չլինի: Առաջիկայում պարզ կլինի, քննարկումները շարունակվում են: Ինչ վերաբերում է երկրորդ հատվածին, մենք առաջարկում ենք ընդամենը ԶԼՄ հասկացությունը փոխարինել «լրատվական գործունեություն իրականացնող» ոչ միայն այս պարագայում, այլ առհասարակ ապագայի համար, որովհետև «զանգվածային լրատվության միջոցը» հիմա շատ նեղ շրջանակ է ընդգրկում, օրինակ՝ ինտերնետային կայքեր և այլն չեն ընկնում հասկացության տակ, դրա համար «լրատվական գործունեություն իրականացնող» հասկացությունն ենք ավելացնում և, սահմանում ենք՝ եթե մեկ անգամ չի կատարվում, այսինքն շարունակվում է, խախտման կատարումը երկրորդ անգամ վարչական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը»:

Մանրամասները՝ տեսանյութում