ԱԺ-ը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը

Այսպիսով քիչ առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «ՀՀ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը,- գրել է Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում: ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ լրացվեց նոր՝ 124.1 հոդվածով, որն ունի հետևյալ բովանդակությունը.

✅ Անձին նոր կորոնավիրուսային վարակով (2019n-CoV) վարակելը պատժվում է տուգանքով՝ 400.000 ՀՀ դրամից 800.000 ՀՀ դրամի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:

✅ Նույն արարքը, որը կատարվել է 2 կամ ավելի անձանց կամ անչափահասի կամ ակնհայտ հղի կնոջ նկատմամբ՝ պատժվում է տուգանքով՝ 800.000 ՀՀ դրամից 1.000.000 ՀՀ դրամի չափով կամ կալանքով՝ 2-3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով:

✅ Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ 3-5 տարի ժամկետով:

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ լրացվեց ևս մի նոր՝ 277.1 հոդվածով, որն ունի հետևյալ բովանդակությունը.

✅ Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում՝ պատժվում է 300.000 ՀՀ դրամից 500.000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 2 տարի ժամկետով կամ առանց դրա:

✅ Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում պատժվում է տուգանքով՝ 500.000 ՀՀ դրամից 700.000 ՀՀ դրամի չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

✅ Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ 2-4 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:

☑ Մեկուսացում համարվում է անձանց, այդ թվում հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

☑ Ինքնամեկուսացում համարվում է անձանց, այդ թվում հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց առանձնացումը իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ այլ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

Այս կարգավորումներն ուժի մեջ են մտնելու պաշտոնական հրապարակումից հետո՝ անմիջապես: