Վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը:

«Սիրելի հայրենակիցներ, ներկայացնում եմ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը:

Խնդրում եմ առաջարկությունները և դիտողությունները ներկայացնել մինչև ս.թ. մարտի 24-ը, ժամը 18:00-ն՝ դրանք ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

  1. Միջոցառման նպատակըՄիջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ առանձին տնտեսավարողների (այսուհետ՝ տնտեսավարողներ) մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը:
  1. Օժանդակության նպատակըՕժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ժամանակ շահելու հնարավորություն ստեղծել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու որոշումների կայացման համար։
  1. Տնտեսավարողների շրջանակը

Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում ՀՀ տարածքում գործող ցանկացած ռեզիդենտ մասնավոր առևտրային կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների), որն առևտրային գործունեություն է ծավալել ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում, ունի բարվոք վարկային և հարկային պատմություն:

  1. Օժանդակության ձևերը

4.1. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին՝ ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսհուհետև՝ ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով: Օժանդակության նախատեսվող ձևերով նպատակ է հետապնդվում լուծել․

– Համաֆինանսավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ ապահովման միջոցի ոչ բավարար մակարդակի, արժութային ռիսկի մասնակի չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները:

– Վերաֆինանսավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ արժութային ռիսկի ամբողջական չեզոքացման, ինչպես նաև տոկոսների գծով ծախսերի մասնակի նվազեցման խնդիրները:

– Սուբսիդավորում․ վարկի գծով տնտեսավարողի մոտ տոկոսային ծախսերի էական նվազեցման խնդիրը:

4.2. Յուրաքանչյուր տնտեսավարողի համար կիրառելի է օժանդակության ձևերից միայն մեկը։

  1. Օժանդակության գործիքների ներքո ստացվելիք վարկերի նպատակը

Օժանդակության ձևերը կիրառելի են այն վարկերի համար, որոնք տրամադրվում են տնտեսավարողներին հետևյալ ծախսերի իրականացման նպատակով․

– տնտեսավարողի աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ, բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավել, քան ամսական 500 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար (այսուհետ՝ աշխատակիցների վարկեր),

– պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ (այսուհետ՝ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վարկեր),

– հումքի գնում կամ ներմուծում, պայմանով, որ հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում՝ պատրաստի արտադրանք ստանալու նպատակով և տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ և համապատասխան արտադրական հզորություններ (այսուհետ՝ հումքի վարկեր),

– սարքերի և սարքավորումների ներմուծում, պայմանով, որ տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությունն ընդլայնելու նպատակով (այսուհետ՝ սարքավորումների վարկեր),

– հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերի իրականացում, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավել, քան ամսական 5 000 000 ՀՀ դրամ գումարի չափով՝ առավելագույնը երեք ամսվա համար (այսուհետ՝ կոմունալ վճարների վարկեր),

– առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծում, պայմանով, որ գնված կամ ներմուծված ապրանքը պետք է իրացվի Հայաստանում (այսուհետ՝ սննդի վարկեր):

  1. Օժանդակության գործիքների ներքո տրամադրվելիք վարկերի նկատմամբ հիմնական պահանջները

Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին՝

– արժույթը՝ ՀՀ դրամ, համաֆինանսավորման գործիքի դեպքում ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվելիք մասը կարող է լինել նաև արտարժույթով,

– ժամկետը՝ մինչև 24 ամիս,

– մեկ տնտեսավարողի՝ օժանդակության գործիքի ներքո տրամադրվելիք վարկերի առավելագույն գումարը՝ 500 մլն. ՀՀ դրամին համարժեք, և մեկ տնտեսավարողի համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն գումարի չափերը չեն կարող գերազանցել՝ 250 մլն. ՀՀ դրամը,

– վարկային միջոցների օգտագործման կարգը՝ միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով,

– առավելագույն ինտեգրալ տոկոսադրույքը 0%-ից մինչև 6% տարեկան (6% – ից ոչ ավել)՝ կախված կիրառվող օժանդակության գործիքի համար սույն միջոցառմամբ սահմանված կանոնից:

  1. Օժանդակության գործիքների ներքո վարկեր տրամադրող կառույցները

7.1. Վարկերը կտրամադրվեն ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից:

7.2. Օժանդակության գործիքների կիրառման ընթացակարգը կսահմանվի ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ ֆինանսների նախարարության համատեղ ակտով:

  1. Օժանդակության գործիքների բովանդակության նկարագրությունը

Սույն միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոռմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել ֆինանսական կազմակերպություն, որի բավարարման դեպքում վարկառուի ցանկությամբ սույն միջոցառմամբ սահմանված կանոնների համաձայն կիրականացվի՝

– վարկի համաֆինանսավորում` մայր գումարի որոշակի չափով, վարկի նույն ժամկետով, համաֆինանսավորման մասի 0% տոկոսադրույքով, վարկի մայր գումարի վերադարձի մասով՝ մասնակի ռիսկի ստանձնմամբ, կամ

– վարկի վերաֆինանսավորում՝ մայր գումարի որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի նույն ժամկետով, 0% տոկոսադրույքով՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման, կամ

– վարկի սուբսիդավորում՝ տվյալ վարկի տոկոսների որոշակի չափով (սույն միջոցառմամբ սահմանված առանձին դեպքերում՝ ամբողջությամբ), վարկի ողջ ժամկետի համար՝ առանց վարկի վերադարձի ռիսկի ստանձնման:

  1. Օժանդակության գործիքների կիրառման սահմանաչափերը՝ կախված վարկի նպատակից.

վարկի նպատակ համաֆինանսավորման չափ

Համաֆինանսավորման, վերաֆինանսավորման, փուբսիդավորման չափերը.

ա) աշխատակիցների աշխատավարձեր

– համաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս

– վերաֆինանսավորման չափ՝ 100 տոկոս

– տոկոսի սուբսիդավորում՝ ամբողջությամբ:

բ) հարկեր, տուրքեր, պարտադիր վճարներ

– համաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս

– վերաֆինանսավորման չափ՝ 100 տոկոս

– տոկոսի սուբսիդավորում՝ ամբողջությամբ:

գ) սարքավորումներ

– համաֆինանսավորման չափ՝ 25 տոկոս

– վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս

– տոկոսի սուբսիդավորում՝ 5 տոկոս

դ) հումքի գնում

– համաֆինանսավորման չափ՝ 40 տոկոս

– վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս

– տոկոսի սուբսիդավորում՝ 6 տոկոս

ե) կոմունալ վճարներ

– համաֆինանսավորման չափ՝ 45 տոկոս

– վերաֆինանսավորման չափ՝ 90 տոկոս

– տոկոսի սուբսիդավորում՝ 10 տոկոս

զ) սննդի ներմուծում

– համաֆինանսավորման չափ՝ 30 տոկոս

– վերաֆինանսավորման չափ՝ 50 տոկոս

– տոկոսի սուբսիդավորում՝ 8 տոկոս

ա), բ), ե) կետերի դեպքում՝ պայմանով, որ ֆինանսական կառույցի առավելագույն ինտեգրալ %- կկազմի 12%, իսկ վարկի իր մասի արժույթը կլինի ՀՀ դրամ:

գ), դ), զ) պայմանով, որ ֆինանսական կառույցի առավելագույն ինտեգրալ %- կկազմի 12% ՀՀ դրամով, իսկ արտարժույթով՝ 9%: