Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է. մահվան դեպք չի գրանցվել

Մարտի 22-ին, բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ հայտարարած 4 դեպքից, նոր դեպքեր չեն հաստատվել. կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է:

Կորոնավիրուսով վարակվածներից 14-ի մոտ կա թոքաբորբ, նրանցից 6-ն ունի ինտենսիվ թերապիայի կարիք: Հաստատված դեպքերի հիմնական մասը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: Մինչ օրս բուժվել է 2 քաղաքացի։

Հաստատված դեպքերի աճով պայմանավորված՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս միակ վայրը չէ, որտեղ քաղաքացիները գտնվում են կամ բուժում են ստանում․ կա շուրջ 5 բուժհաստատություն, ևս 2 մարզային բուժհաստատությունում կան հատուկենտ պացիենտներ։

Հիշեցնենք, որ վարակով պայմանավորված երկրում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է սահմանվել։

Առողջապահության նախարարությունը կրկին կոչ է անում`

մնացեք տանը,

սահմանափակեք շփումները,

հետևեք անձնական հիգիենային,

հաճախակի լվացեք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,

հնարավորության սահմաններում նվազեցրեք հանրային տրանսպորտից օգտվելը,

շփումների դեպքում պահպանեք առնվազն 1 մետր հեռավորություն,

գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,

եթե վերադարձել եք այնպիսի երկրներից, որտեղ համաճարակային իրավիճակը լարված է,

ինքնամեկուսացեք 14 օր` կապ հաստատելով պոլիկլինիկայի Ձեր բժշկի հետ,

պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով  բժշկին,

խուճապի մի մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն` 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն»` 060838300 հեռախոսահամարներով: