Իրանում խուճապ չկա` ուժեղացված մոբիլիզացիա է

Արդեն իսկ գրել ենք այն մասին, որ Իրանի բարձրագույն գեներալիտետը հայտարարել է՝  երկրի և իրանական ժողովրդի դեմ կենսաբանական պատերազմ է ընթանում: Իսկապես, բոլոր այն միջոցները, որոնք այժմ ձեռնարկվում են Իրանում, համընդհանուր մոբիլիզացիա են հիշեցնում:  Առողջապահության նախարարությանն ակտիվորեն աջակցում են ռազմական բժիշկները, ողջ բանակը, ԻՀՊԿ-ն և Իրանի հատուկ ծառայությունները: Տպավորությունն այնպիսին է, որ Իրանի կառավարության կողմից ներգրավված կառույցները վաղուց են գործարկել այսպիսի հստակ և համահունչ փոխգործակցություն: Իրանի Առողջապահության նախարար Սաիդ Նամաքին մարտի 16-ին հայտնել է, որ կորոնավիրուսային վարակի նշաններով քաղաքացիներին բացահայտելու ծրագրի շրջանակներում հետազոտվել են ավելի քան 14 միլիոն իրանցիներ: Եվ սա, ըստ էության, մեկ շաբաթվա ընթացքում: Ըստ Նամաքիի, ուսումնասիրված 14 միլիոնից 73 հազար 415 մարդ կասկածվում են որպես վարակակիր: «Այս թվից մոտ 3415 մարդ դիմել է բժշկական օգնության, որոնցից 1605-ը տեղավորվել են հիվանդանոցների վարակիչ հիվանդությունների բաժանմունքներում, իսկ մնացածը գտնվում են տնային կարանտինում»,- ասել է նա:

Այնուամենայնիվ, ստուգումներն ու կանխարգելումը միակը չէ, որտեղ Իրանի իշխանությունները գործում են արագ և վճռական: Իրանի գիտության և տեխնոլոգիաների փոխնախագահ, դոկտոր Սորենա Սաթարին մարտի 17-ին հայտարարել է, որ իրանական ընկերությունները կսկսեն թեստային համակարգերի զանգվածային արտադրություն՝ 2019-nCoV կորոնավիրուսի ախտորոշման համար: «Իրանական վեց ընկերություններ թեստային համակարգեր են պատրաստում նոր կորոնավիրուսը հայտնաբերելու համար, որոնցից երեքն արդեն հաջողությամբ անցկացրել են թեստերի մշակման հետազոտությունները և հաջորդ շաբաթ կսկսեն արտադրել այդ թեստային համակարգերը», – գրել է Սաթարին Instagram-ում:

Իրանի կառավարությունը նույն օրը պաշտոնապես հայտարարել է, որ մարտի 17-ին Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 16 հազար 169 մարդու, որոնցից 988-ը մահացել են: Այնուամենայնիվ, արդեն արձանագրվել է առողջացման 4996 դեպք: Ավաղ, մահացածների թվում է նաև Իրանի Փորձագետների Ասամբլեայի անդամ այաթոլլահ Հաշեմ Բաթհայի Գոլպայեգանին՝ շատ հայտնի և հարգված պետական ​​գործիչ: Ընդհանուր առմամբ, հիշեցնում ենք, որ վերջին օրերին նույն վարակից մահացել են այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են «Ազգային համագործակցություն» կուսակցության ղեկավար և նախկին պատգամավոր Մոհամադ Ռեզա Ռահչամանին, վերջերս ընտրված կին պատգամավոր Ֆատեմե Ռահբարը: Սիրիայում Իրանի նախկին դեսպան Հոսեյն Շեյխոլեսլամը և Նպատակահարմարության Խորհրդի անդամ Մոհամադ Միրմոհամադին: Նշենք նաև, որ Իրանի կառավարությունը որոշել է օգնություն ցուցաբերել և տարբեր փոխհատուցումներ վճարել ավելի քան 7 միլիոն մարդկանց, ովքեր այս կամ այն ​​կերպ տուժել են կորոնավիրուսի տարածման հետևանքով:

Բացի դրանից, Իրանը շատ մոտ է վարակի դեմ պայքարի ազգային միջոցի հայտնաբերմանը: Կորոնավիրուսի դեմ պայքարի Ազգային շտաբի գիտական ​​հանձնաժողովի ղեկավար Մուստաֆա Գանեյին մարտի 17-ին հայտարարել է, որ իրանցի գիտնականները հայտնաբերել են դեղամիջոցների համադրություն թոքաբորբի, ինչպես նաև, թոքերի այլ՝ սուր և քրոնիկ հիվանդությունների բուժման համար, որոնք առաջացել են նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով, հայտնում է IRNA գործակալությունը: «Դեղամիջոցը բաղկացած է երեք դեղերի համադրությունից, որը կրճատում է հոսպիտալացման տևողությունը մինչև չորս օր կորոնավիրուսով վարակվածների համար,- ավելացրել է նա: – Այս դեղամիջոցն ընդունող հիվանդների խմբում 40%-ը դուրս է գրվել հոսպիտալացումից հետո՝ չորս օրվա ընթացքում»:

Ուժային կառույցները, բացի բժիշկներին աջակցելուց, զբաղվում են նաև զուտ ռազմական գործողություններով: Կորոնավիրուսի բռնկումը կանխելու և վերահսկելու հատուկ զորավարժությունների ընթացքում ԻԻՀ բանակը, տանկերի և ռազմական տեխնիկայի փոխարեն, օգտագործել է շտապօգնության և ախտահանման համակարգեր, բժշկական տրանսպորտային միջոցներ և շարժական մոնիտորինգի համակարգեր: Զորավարժությունները ղեկավարվում էր ԻԻՀ բանակի կենսաբանական պաշտպանության բազայի հրամանատարությունը՝ ծովակալ Հաբիբուլլահ Սայարիի գլխավորությամբ, ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի բազայում՝ բրիգադի գեներալ Քուիմարս Հեյդարիի հրամանատարությամբ:

«Իրանում կորոնավիրուսի բռնկման առաջին օրերից և Իրանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար այաթոլլահ Խամենեիի հրամանից հետո, Իրանի զինված ուժերը, ներառյալ բանակը և ցամաքային ուժերը, սկսել են աշխատել այս ուղղությամբ», – զորավարժությունների ընթացքում լրագրողներին հայտնել է Հեյդարին:

Նա հավելել է. «Մենք ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի բոլոր բրիգադներում ունենք մասնագիտացված ստորաբաժանումներ և մեխանիզմներ՝ հատուկ աղտոտումները ախտահանելու համար: Բանակի ցամաքային ուժերն ունեն 28 մասնագիտացված հիվանդանոց Թեհրանի սահմաններից դուրս, յուրաքանչյուր ստորաբաժանում ունի իր շարժական հիվանդանոցները: ԻԻՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի վերջերս կայացրած հրամանից հետո, ԻԻՀ զինված ուժերում ստեղծվել է առողջապահության և բժշկության նոր հատուկ բազա: Իրանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն իր ուղերձում շեշտել է կորոնավիրուսի բռնկման կանխումը կենսաբանական պաշտպանության զորավարժությունների շրջանակներում, ինչը նաև կբարձրացնի ժողովրդի հզորությունը»:

Բրիգադի գեներալ Հեյդարին նաև հիշեցրել է. «Հաշվի առնելով իրանական բանակի գլխավոր հրամանատարի հրամանը՝ մարտի 15-ից իրանական բանակում սկսվել են «Յա Ալի իբն Աբուտալիբ» ծածկագրով զորավարժություններ՝ և «Լաբայկա յա Խամենեի 98» անվան տակ զորավարժությունները: Այս զորավարժությունների անցկացման հիմնական նպատակը երկրում և, հատկապես, Գիլյան և Քում նահանգներում կորոնավիրուսի ավելի մեծ բռնկումը կանխելն էր, սակայն զորավարժությունները եղել են համաիրանական մասշտաբի»:

Ինչպես տեսնում ենք, Իրանը մաքսիմալ մոբիլիզացված է, և երկրում ամենևին չկան խուճապի տրամադրություններ: Մեր հարավային հարևանն այս հարցում սերտորեն համագործակցում է Չինաստանի և Ռուսաստանի հետ: Եվրասիայի երեք հսկաները կորոնավիրուսի դեմ պայքարում նույնպես միասնական են, նույն շարքերում: Չինաստանն ինքնաթիռն ինքնաթիռի հետևից օգնություն է ուղարկում Իրանին, այդ թվում պատվաստանյութեր է փոխանցում: Ըստ երևույթին, երեք երկրների մանրէաբանները նույնպես սերտորեն համագործակցում և փոխգործակցում են:

Հայաստանի համար օգտակար է հաշվի առնել այս հանգամանքը…

Սերգեյ Շաքարյանց