Արցախում պարենային խանութներում, արտադրամասերում և հանրային սննդի կետերում իրականացվում են հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումներ

Արցախի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսային (COVID-19) վարակի տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների շրջանակներում, ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրահանգով, սննդամթերքի իրացմամբ զբաղվող պարենային խանութներում, արտադրամասերում և հանրային սննդի կետերում իրականացվում են հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումներ: Այս մասին հայտնում են Արցախում նոր կորոնավիրուսի դեմ պայքարի տեղեկատվական շտաբից։

Այդ նպատակով, ծառայությունը՝ Առողջապահության նախարարության հետ համատեղ, մշակել է վարակի տարածման նվազեցմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների և գործողությունների ուղեցույց, որը տրամադրվել է հանրապետության սննդի շղթայի բոլոր փուլերում գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտներին. 501 սուբյեկտ արդեն ծանուցվել է:

Զուգահեռաբար, ծառայության կողմից վերահսկվում է տնտեսավարողների կողմից իրականացվող հակավարակային, կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը:

Նմանօրինակ միջոցառումներ միաժամանակ իրականացվում են մայրաքաղաք Ստեփանակերտում և հանրապետության շրջաններում: