G7 առաջնորդների հանդիպումը տեղի կունենա տեսակապի միջոցով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի հունիսին նախատեսված Մեծ յոթնյակի՝ G7-ի առաջնորդների հանդիպումը ԱՄՆ-ում: Պատճառը կորոնավիրուսի համավարակն է: Այս մասին տեղեկացնում է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը:

«Նման որոշման նպատակն այն է, որ յուրաքանչյուր երկիր կենտրոնանա իր ունեցած ողջ ռեսուրսի վրա՝ պատասխան տալու կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորած առողջապահության ոլորտում առկա մարտահրավերներին»,-պարզաբանել է նա:

Ջադ Դիրը նշում է, որ շփումը կլինի տեսակապի միջոցով, ընդ որում, ոչ միայն հունիսին, այլև ապրիլին և մայիսին:

Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսի պանդեմիա է հայտարարել աշխարհում: Ամբողջ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 200 հազարը: Վարակը տարածվել է 170-ից ավելի երկրներում: