Ես կասկածում եմ, որ մինչև ապրիլի 26-ը մենք կկարողանանք լիովին վերսկսել դասապրոցեսը․ Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի կարծիքով՝ կորոնավիրուսով պայմանավորված՝ Վրաստանում ուսումնական գործընթացը մինչև ապրիլի 26-ը ամբողջությամբ դժվար թե վերականգնվի: Այս մասին Գախարիան ասել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում:

«Ըստ ԿԳՆ-ի, եթե մինչև ապրիլի 26-ը դպրոցներում ուսումնական գործընթացը չվերսկսվի, ամբողջ ուսումնական տարին հարցականի տակ կդրվի: Այնտեղ կան որոշ չափանիշներ: Կրթության նախարարությունն առաջիկա օրերին պլան պետք է ներկայացնի: Ես կասկածում եմ, որ մինչև ապրիլի 26-ը մենք կկարողանանք լիովին վերսկսել դասապրոցեսը»,-ասել է Գախարիան:

Նրա խոսքով, որոշ դպրոցներ գուցե պատրաստ լինեն հեռավար ուսուցման, բայց իրավիճակը այլ է այն մարզերում, որտեղ շատ երեխաներ նույնիսկ ինտերնետ չունեն: