Օգնությունը, միջոցառումները պետք է կանխարգելիչ լինեն, հետևանքների, երևույթների հետևից չգնանք

Սկիզբը՝ այստեղ

Հարցազրույց ՀՅԴ բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի հետ

Պարոն Ավետիսյան, շարունակենք մեր զրույցը կորոնավիրուսի դեմ պայքարելու համատեքստում հայտարարված համաշխարհային պանդեմիայի տնտեսական հետևանքների մասին: Այսօր արդեն վարակի տարածման հետ ոչ միայն առողջապահական խնդիրներով պայմանավորված խուճապ ենք տեսնում, այլև տնտեսական: Խուճապն ավելի՞ վտանգավոր է, քան իրական տնտեսական ազդեցությունները:

– Պետք չէ խուճապի մատնվել, քանի որ տնտեսական խուճապը մեզ նման փոքր տնտեսություն ունեցող երկրների համար կարող է այդ համակարգի վրա անդառնալի հետևանքներ ունենալ: Այս պահին հարկավոր է նաև տնտեսվարողներին, քաղաքացիներին աջակցելու քաղաքականություն իրականացնել: Նախորդ հարցազրույցում խոսեցինք վարկային քաղաքականության մեղմացման մասին՝ որոշ ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներին այս շրջանում հարկերից ազատելու, հարկերի մուծումները հետաձգելու և այլ միջոցառումների անհրաժեշտությունից: Նման միջոցառումներ պետք է իրականացվեն նաև վարկային ոլորտում: Տարբեր բանկեր արդեն հայտարարել են նման քայլերի, քաղաքացիներին, տնտեսվարողներին ընդառաջ գնալու մասին, և դա ողջունելի է, ի վերջո օբյեկտիվ անհրաժեշտություն է:

Բայց բացի եղած վարկավորման տոկոսների հետաձգումից, արձակուրդներից, նաև բիզնես վարկերի համար ընթացիկ միջոցներ ներգրավելու տեսանկյունից տնտեսվարող սուբյեկտների համար, հատկապես այն ոլորտների, որոնք ամենաշատն են տուժելու այս իրավիճակից, ԿԲ-ի միջամտությամբ և պետության աջակցությամբ տոկոսադրույքների սուբսիդավորման ռեսուրսներ պետք է ապահովվեն: Տնտեսվարողները լրացուցիչ դժվարությունների պարագայում կրում են կորուստներ, եկամուտները նվազում են, և եթե չկարողանան այդ ամենը փոխատվական միջոցներով հատուցել, տնտեսական գործունեության ծավալների, հասույթի ծավալների կրճատման հետևանքով նաև աշխատատեղեր կկրճատվեն: Ուստի չպետք է այս դեպքում էլ սպասենք,  որ այդ ծավալները կրճատվեն, տնտեսվարող սուբյեկտերը կորցնեն դրսի շուկաները և ստիպված լինեն աշխատատեղեր կրճատել, հետո նոր փորձենք ինչ-որ քայլեր ձեռնարկել իրավիճակը փրկելու նպատակով: Օգնությունը պետք է կանխարգելիչ լինի և բոլոր ուղղություններով, մասնավոր հատվածի համար հասկանալի լինի, թե պետությունն ինչ է պատրաստվում իրականացնել, ինչ աջակցություն իրենք կարող են ակնկալել: Տնտեսական որոշումների հիմքում ճշգրիտ հաշվարկներ են դրված, և պետության պարտավորությունն է նախապես տեղեկացնել իր նախատեսած, ստանձնած նախաձեռնությունների մասին՝ սկսած ոլորտներից, թե որ ոլորտում ինչ է նախաձեռնվելու որպես աջակցություն, վերջացրած գործիքների կիրառմամբ՝ արտոնյալ վարկի տրամադրում, վարկային տոկոսի սուբսիդավորում, հարկային տարբեր արտոնյալ ռեժիմների կիրառում և այլն:

Ես հետևում եմ ամբողջ լրահոսին և չեմ տեսնում, որ չափելի պարտավորութունների մասին խոսեն՝ տնտեսությունը չափելի երևույթ է, հորդորներով, բարի կամքվ, կենացներով հնարավոր չէ տնտեսության մեջ վարքագիծ փոխել դրական իմաստով: Եթե միջամտելու ցանկութուն կա, պետության ներխուժումները պետք է տեսանելի ու հստակ լինեն, որպեսզի որոշում կայացնողը, սկսած զբոսաշրջության ոլորտից մինչև մթերքների արտադրության, մշակման ոլորտ, շինարարություն, հասկանան, թե ինչպիսի հստակ գործիքներ կան ու պետությունն ինչպիսի չափելի աջակցություն է իրենց երաշխավորում: Սա պետք է երևա և դրանք պետք է լինեն հավաքական ու օր առաջ: Երևույթներն այնքան արագ են զարգանում և դրանց բացասական հետևանքներն այնքան անկանխատեսելի են, լայնածավալ, որ հապաղելն անթույլատրելի է և իրավիճակին համարժեք գործողություները հրատապ են: Միայն բառախաղերով ու հորդորներով չես կարող իրավիճակ փոխել դրական իմաստով, բացասական իմաստով կարող ես: Պետք է դա արտահայտվի կառավարության որոշումներով, տարբեր օրենքներում փոփոխութուններով, ժամանակավոր կարգաբերումներով: Պետության վարքագիծը պետք է երևա:

Այսօր արդեն ձեր նշած տնտեսական բացասական հետևանքները չափելի՞ են մեր երկրի համար:

Դեռ վաղ է այդ մասին խոսել, բայց զարգացման տարբեր սցենարներ կան: Եթե վատատեսական սցենարով դիտարկենք, շատ բարդ իրավիճակ կարող է ստեղծվել, և այդպիսի սցենարներն առաջին հերթին պետության վերլուծության և նախագծման տիրույթում պետք է լինեն: Եվ այդ նախագծերով իրավիճակները պետք է կանխատեսվեն, գնահատվեն ու կանխարգելվեն լուծման ճանապարհներով: Եվ երբ հստակ դառնա, թե զարգացման որ սցենարով են գործընթացները զարգանում, պետությունն արդեն պատրաստի գործիքակազմ կունենա և դրանով ու ամբողջական լուծումներով կկարողանա քայլեր իրականացնել: Ոչ թե պետք է երևույթների հետևից ընկած գործել: Երևույթը կարող է մեզ անորոշության առաջ կանգնեցնել և վտանգավոր զարգացումների հանգեցնել, ինչն արդեն երևում է: Իմ նշած մեխանիզմները կիրառվում են միջազգային պրակտիկայում նաև այս օրերին, դրանց մասին տարբեր տեսություններ կան, և մեր քաղաքական որոշումներ կայացնողները պետք է ծանոթ լինեն դրանց ու արդեն դրական փորձ ունեցող պետությունների ճանապարհով գնան:

Ես կարող եմ նշել Չինաստանի փորձը, որտեղ մեծ վնասներն ակնհայտ են, բայց արդեն երևում է նաև տնտեսության վերականգնման վեկտորը: Մի քանի օրում Չինաստանում հիվանդանոց կառուցվեց, ու ոչ ստանդարտ բազմաթիվ լուծումներ եղան վարակի հետագա տարածումը կանխելու, հետևանքները վերացնելու ուղղությամբ: Եթե դրանք չլինեին, շատ ավելի անկանխատեսելի կլիներ այսօրվա վիճակը համաշխարհային մակարդակով: Արդեն նաև տեսանելի են այդ պետության կողմից տնտեսական խնդիրների հաղթահարման քայլերը: Համոզված եմ, որ չինական տնտեսությունը շատ արագ կվերականգնվի: Շատ ավելի ռիսկային ու վտանգավոր է զարգացող երկրների վիճակը, որոնք ունեն փոքր տնտեսություն: Հայաստանի տնտեսական համակարգը զգայուն է, խոցելի այդ առումով: Ի վերջո, մենք բացի առողջապահական խնդիրներից, որոնք տնտեսական համակարգից դուրս ավելի ակնհայտ դարձան այս օրերին, ունենք նաև պահպանվող աշխարհաքաղաքական ռիսկեր, դրանց վրա ավելացավ այս մեկը՝ տնտեսականը, ու մեր ջանքերը շատ ավելի ինտենսիվ պետք է լինեն:

Զրուցեց Թագուհի Ասլանյանը