Ղրիմը Ռուսաստանին կցելու վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունը

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել 2014-ի մարտի 16-ին անցկացված հանրաքվեի առիթով, որի արդյունքում Ուկրաինայի կազմում գտնվող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը միացվեց Ռուսաստանի Դաշնությանը:

Նախօրեին տարածված հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «6 տարի առաջ այս օրը իրականացված ոչ լեգիտիմ հանրաքվեի արդյունքները հիմք ընդունելով՝ Ռուսաստանի կողմից իրականացված ուկրաինական Ղրիմի Ինքնավար Հանրապետության ապօրինի բռնակցումը մեր երկիրը և միջազգային հանրությունը չեն ճանաչում»:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ Թուրքիայի համար շարունակելու են առաջնային լինել «Ղրիմի տեղաբնիկներ հանդիսացող թաթարների անվտանգությունը, մշակութային ինքնության պահպանումն ու բռնակցման հետևանքով նրանց նկատմամբ կիրառվող ճնշումների վերացումը»:

Վերջում նշվում է, որ Թուրքիան շարունակելու է աջակցել իր ռազմավարական գործընկեր Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:

Աղբյուրը՝ Ermenihaber.am