Հորդորում ենք խելամիտ գնումներ կատարել, հիշեք, որ այդ ապրանքներն ունեն ժամկետներ․ ՏՄՊՊՀ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում ստեղծված է շուրջօրյա աշխատանքային խումբ ապրանքների գների և պաշարների մոնիտորինգ իրականացնելու համար:

«Արմենպրեսի» հաղորդմամբ, ՀՀ կառավարություն հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը: Հանձնաժողովը ՊԵԿ-ից ամենօրյա ռեժիմով ստանում է տեղեկատվություն ՀԴՄ-ների, բուն փաստացի վաճառքների ծավալի, գների հետ կապված: Մոնիտորինգի են ենթարկվում հիմնականում շուկայի խոշոր տնտեսավարողները:

«ՏՄՊՊՀ-ն տիրապետում է իրավիճակին: Այսօր, ամենայն հավանականությամբ, մենք որոշում կկայացնենք, բոլոր տնտեսվարող սուբյեկտներին կտանք զգուշացում: Կհորդորենք տնտեսվարող սուբյեկտներին դրսևորել պատշաճ վարքագիծ: Պաշարների մասով ասեմ, որ դրանք ևս մոնիտորինգի են ենթարկվում, այս պահին կարող եմ վստահեցնել, որ անհանգստացնող երևույթներ չկան: Միայն խնդիրն օրական ֆիզիկական ծավալի ապահովումն է: Մեկ օրվա ընթացքում մեծ քանակի գնումներ են կատարվում, պետք է հասցնել, կարողանալ պահեստներից բերել խանութ»,-ասաց Գեղամ Գևորգյանը:

Հայաստանում ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, թթվասերի և այլ ապրանքների հետ կապված խնդիր չկա: Գեղամ Գևորգյանը նշեց, որ ներկայում 44 անուն ապրանք են մոնիտորնիգի ենթարկում, ամենաշատը գնվել է նպարեղենը, պահեստներում կա մեծ պաշար, դրանից բացի, ճանապարհին է ապրանքների նոր խմբաքանակ:

«Հորդորում ենք խելամիտ գնումներ կատարել: Հիշեք, որ այդ ապրանքներն ունեն ժամկետներ: Օրինակ, եթե գնում են 4 արկղ ձու, պետք է հիշել, որ այն ունի ժամկետ: Հարգելի բնակիչներ, գոնե ձվի մասով Հայաստանում ունենք ավելցուկ»,-ասաց Գեղամ Գևորգյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու որոշում ընդունեց: Որոշումը կայացվեց գործադիրի մարտի 16-ի նիստում՝ հաշվի առնելով աշխարհում և Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման և այն Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից պանդեմիա որակվելու հանգամանքը: «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ի ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ի ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում: