Արտակարգ դրության ժամանակ ԶԼՄ-ները պարտավորվում են տարածել միայն պաշտոնական տեղեկություն

Այսօր ՀՀ կառավարությունը, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումն ու ԱՀԿ կողմից կորոնավիրուսի՝ որպես պանդեմիա որակելու հանգամանքը, մեկ ամսով երկրում հայտարարեց արտակարգ դրություն: Որոշմամբ ստեղծվեց պարեկատուն, որի կղեկավարի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Առաջիկա մեկ ամսում կիրառվելու են որոշակի միջոցառումներ, սահմանափակվելու են որոշակի իրավունքներ և ազատություններ:

Կառավարության որոշմանը կից «2020 թվականի մարտի 16-ին ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ժամանակ կիրառվող միջոցառումները, իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները» վերնագրով հավելվածի 7-րդ գլխով անդրադարձ է կատարվում նաև Զանգվածային լրատվության միջոցներին, որոնք պարտավորվում են արտակարգ դրության ժամանակ հրապարակել միայն պաշտոնական տեղեկություն:

Ստորև ներկայացնում ենք ԶԼՄ-ներին առնչվող գլուխը:

Գլուխ 7. ԶԼՄ-ների առանձին հրապարակումների, հաղորդումների արգելքներ

ՀՀ-ում, ինչպես նաև ՀՀ տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի զննում, վարակի թեստավորումն անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ՝ հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ՝ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ ԶԼՄ-ների կողմից, կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ՝ պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:

Սահմանված հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք է հնարավորինս վերարտադրեն այն:

Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:

Սույն գլխով սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից»: