Եվրոպայի միակ երկիրը, որտեղ կորոնավիրուսի դեպք չի արձանագրվել

Եվրոպայի տարածքում միակ երկիրը, որտեղ նոր տեսակի կորոնավիրուսը չի թափանցել, Մոնտենեգրոն է, գրում է life.ru-ն՝ հղում անելով տեղի հանրային առողջապահության համալսարանի համաճարակաբան Իգոր Գալիչի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ այժմ հսկողության տակ է գտնվում 392 մարդ, իսկ կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո երկրում հետազոտվել է ավելի քան 2 000 մարդ։

«Կորոնավիրուսի ախտորոշումը երկու-երեք ժամ է տևում, այդ պատճառով արդյունքներն ավելի արագ են հայտնի դառնում»,- նշել է Գալիչը՝ հավելելով, որ հանրային առողջապահության համալսարանը պատրաստ է կորոնավիրուսի հնարավոր հաստատմանը։

Նա կոչ է արել բնակիչներին խուճապ չառաջացնել և կեղծ լուրեր չտարածել վարակի վերաբերյալ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՀԿ-ը նոր տեսակի կորոնավիրուսի տարածումն աշխարհում գնահատել է որպես համավարակ:

«Առաջիկա օրերին և շաբաթներին ակնկալվում է, որ կորոնավիրուսով համակված երկրների, վարակվածների և մահացության դեպքերի թիվը կավելանա: Ուստի  COVID19 կորոնավիրուսը կարող է բնութագրվել որպես համավարակ»,- ասել է ԱՀԿ ղեկավարը:

Համավարակ՝  պանդեմիա են անվանում արտասովոր ուժեղ տարածում գտած համաճարակը, որը բնութագրվում է ինֆեկցիոն հիվանդության տարածմամբ երկրի ողջ տարածքում, ինչպես նաև հարևան երկրների, երբեմն էլ՝ աշխարհի բազմաթիվ երկրների տարածքներում:

Մարտի 11-ի դրությամբ կորոնավիրուսի հայտնաբերման դեպքեր են արձանագրվել 114 երկրներում, վարակակիրների թիվը 118 000 է, մահացել է 4373 մարդ:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: