Հայաստանի իշխանությունները մեր երկրի դռները բաց են թողել այսօր աշխարհի ահուսարսափը հանդիսացող վտանգի առջև. անողոք փաստեր

Ավինյանն այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ խախտել է ՀՀ կառավարության որոշումը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և նախարարությունը ստեղծել են Հայաստան նոր կորոնավիրուսի (COVID-2019) ներթափանցումը կանխարգելելու ուղղությամբ աշխատանքների և անվտանգության ապահովման վտանգավոր երևութականություն, պատրանք, իսկ իրականում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հետ միասին մեր երկրի դռները բաց են թողել այսօր աշխարհի ահուսարսափը հանդիսացող այդ վտանգի առջև:

Վերոնշյալը, ցավոք, փաստ է, որը հիմնավորել ենք մեր երեկվա «Կեղծ ու վտանգավոր տեղեկություններ ներկայացնող Արսեն Թորոսյանով պետք է ազգային անվտանգությունը զբաղվի, բայց մենք մի՞ թե ԱԱԾ ունենք…» հրապարակմամբ, դրան նախորդած մի շարք վերլուծականներով, հոդվածներով:

ՀՀ կառավարությունը «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի «Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին» N 197-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ս. թ. մարտի 2-ի N 233-Ն որոշմամբ, ինչպես արդեն հայտնի է, Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային հաղորդակցության սահմանափակման բացառությունների շարքից հանել է Իրանից բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների, յուրաքանչյուր բեռնատարի վարորդի և փոխարինող մեկ վարորդի Հայաստանի Հանրապետություն մուտքի արգելքը, այսինքն` որոշման պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից Իրանից ՀՀ բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների ու դրանց վարորդների մուտքը ՀՀ արգելված է:

Արդեն նշել ենք, որ այդ արգելքն անհրաժեշտ, բայց դեռ բավարար չէ: Անհրաժեշտ է անհապաղ կարանտինացնել Հայաստանի այն բոլոր քաղաքացիներին, որոնք վերջին շրջանում Իրանից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից և երկրի ներսում COVID-2019-ի մեծ տարածվածությամբ հայտնի այլ պետություններից վերադարձել կամ առաջիկայում կվերադառնան ՀՀ, ինչպես նաև արգելել այդ պետություններից ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց (բացառությամբ այդ երկրներից պաշտոնական այցով ՀՀ ժամանող և տվյալ երկրի քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց, նրանց ուղեկցողների, դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների) ուղղակի թե մեկ այլ երկրից տարանցիկ մուտքը Հայաստան:

Վերոնշյալ խիստ անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման նպատակով ՀՀ կառավարության համապատասխան որոշումներ ընդունելու փոխարեն, մենք ականատես ենք ոչ միայն ՀՀ առողջապահության նախարարի, վարչապետի ու կառավարության անգործությանը, որը ցանկացած պահի կարող է վերածվել հանցավորի, այլև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի և Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի կողմից ՀՀ կառավարության 2020թ. փետրվարի 24-ի  N 197-Ն և 2020թ. մարտի 2-ի N 233-Ն որոշումներով սահմանված վերոնշյալ արգելքի կամ սահմանափակման խախտմանը:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքում ս. թ.մարտի 10-ին հրապարակված տեղեկատվության համաձայն, մարտի 9-ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի և այլ պաշտոնյաների մասնակցությամբ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Ամփոփելով նիստի արդյունքները, Տիգրան Ավինյանն ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, արձանագրենք մի քանի կարևոր կետ մեր այսօրվա խորհրդակցության արդյունքներով»: Ահա այդ կետերից 2-րդը և 4-րդը` վերջինը.

«Երկրորդ, Իրանի հետ կապված որոշ բեռների դեպքում՝ և՛ ներկրվող, և՛ արտահանվող, Էկոնոմիկայի նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի, Տեսչական մարմնի, Առողջապահության նախարարության, Արտաքին գործերի նախարարության, Իրանի Իսլամական Հանրապետության մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում ստեղծում է մի պատուհան, ինչի միջոցով հնարավորություն է ստեղծվում որոշակի բեռնափոխադրումներ իրականացնել և՛ դեպի Հայաստան և՛ դեպի Իրան: Եվ այդ բեռնափոխադրումները իրականացվում են մեր կողմից վերահսկվող գործընթացի միջոցով»:

«Եվ, վերջինը, Իրանի Իսլամական Հանրապետությունում մնացած մեր այն քաղաքացիները, որոնք ունեն ընտանիքներ և ընտանիքի անդամներ, որոնք ՀՀ քաղաքացիներ չեն ու ՀՀ ռեզիդենտներ չեն, այդ ընտանիքների համար նույնպես հնարավորություն ստեղծել վերադառնալու Հայաստանի Հանրապետություն»:

Բնականաբար, հարց է առաջանում` էլ ինչո՞ւ եք 2020թ. մարտի 2-ի N 233-Ն որոշումն ընդունել, երբ դրա, ինչպես ասում են, թանաքը դեռ չչորացած, այն խախտելու էիք: Ո՞վ է ձեզ այդ իրավունքը տվել, և ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված ազգային անվտանգությանն առնչվող ՀՀ կառավարության որոշումը խախտելու դեպքում, այս երկրում գլխավոր դատախազ ու դատախազություն, ազգային անվտանգության ծառայություն կա՞ն, թե ոչ…

Հարց է նաև, թե իշխանությունների կողմից վերահսկվող գործընթացը, որի միջոցով, ըստ Ավինյանի, պետք է Իրանից իրականացվեն բեռնափոխադրումները, արդյոք տալի՞ս է անվտանգության բավարար երաշխիքներ: Այս հարցում մենք ամենևին վստահ չենք: Ընդգծենք, որ պաշտոնական վերջին տեղեկությունների համաձայն, Իրանում COVID-2019-ով վարակվածության հաստատված դեպքերի քանակն արդեն հասել է 9000-ի, հիվանդներից 354-ը մահացել է:

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում հրապարակված հիշյալ պաշտոնական տեղեկատվությամբ բացահայտվում է նաև, որ ՀՀ մուտք գործող բոլոր քաղաքացիներից (անկախ` քաղաքացիությունից և ազգությունից) մինչ այդ հասցեական քարտեր չեն պահանջվել, «որտեղ նաև ներառվելու է» վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվություն:

«Այսինքն այդ քարտերը ունենալով ու վերլուծելով մենք կարող ենք հասկանալ արդյո՞ք վտանգավոր երկրների գոտում եղել են քաղաքացիները թե ոչ»,- ասել է Տիգրան Ավինյանը:

Ինքնին արդեն հասկանալի է, որ դա պետք է շատ ավելի վաղ արվեր, և ոչ թե որոշվեր մարտի 9-ին` հիշյալ նիստից հետո անելու համար: ՀՀ իշխանությունները, իշխանության համապատասխան մարմինները փաստորեն մինչ այդ որևէ տեղեկատվություն չեն ունեցել, թե ՀՀ մուտք գործող բոլոր քաղաքացիներն արդյոք վտանգավոր երկրների գոտում եղե՞լ են, թե ոչ: Այս փաստն ևս, ի թիվս բազմաթիվ այլ փաստերի, վկայում է ՀՀ նոր կորոնավիրուսի հետագա ներթափանցումը կանխարգելելու նպատակով ՀՀ իշխանությունների, մեղմ ասած, անլուրջ և անպատասխանատու վերաբերմունքի մասին:

«Թավշյա հեղափոխություն» կոչվածով իշխանության եկածները մեր երկրի բնակչությանը մատնել են բախտի քմահաճույքին, վտանգել մեզանից յուրաքանչյուրի առողջությունն ու կյանքը: Հայ ժողովուրդը որքան շուտ գիտակցի այս փաստը և ներկաներին հարկադրի իշխանությունից հեռանալ, այնքան մեծ կլինի իր իսկ և Հայաստանի փրկվելու հնարավորությունը:

Պաշտոնական վերջին տեղեկությունների համաձայն, աշխարհում մինչ այժմ նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի քանակն արդեն 120 հազարն անցել է, հասել 121 061-ի, հիվանդներից 4368-ը մահացել են: Երեկվա համեմատությամբ (116 119 դեպք), ընդամենը մեկ օրվա ընթացքում COVID-2019-ով վարակվածության հաստատված դեպքերի քանակն ավելացել է 4942-ով, մահացածների քանակը` 281-ով:

Վերջին օրերին COVID-2019-ով վարակվածության հաստատված դեպքերի քանակն օրական ավելանում է շուրջ 5000-ով: Աճը հատկապես մեծ է Իտալիայում, ուր մինչ այժմ նոր կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի քանակը, երեկվա համեմատությամբ, ավելացել է շուրջ 1000-ով և հասել 10 149-ի, մարտի 10-ի համեմատությամբ (մահվան 463 դեպք) 168-ով ավելացել է նաև հիվանդներից մահացածների քանակը և հասել 631-ի:

Վարակվածության հաստատված դեպքերի և մահվան դեպքերի աճը հատկապես մեծ է նաև Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում… Իսպանիայում COVID-2019-ով վարակվածության արդեն 2026 դեպք է արձանագրված, Ֆրանսիայում` 1784, Գերմանիայում` 1622: Աճել է նաև COVID-2019-ով վարակվածության հաստատված դեպքերի քանակը հարևան Վրաստանում (15-ից հասնելով 23-ի) և Ադրբեջանում (9-ից հասնելով 11-ի): Եվ այս ամենը, դատելով վարակվածության հաստատված դեպքերի արագ աճից, կարող է մարդկությանը պատուհասած այս չարիքի առումով դեռ սկիզբը լինել: Վերոնշյալ փաստերը ՀՀ իշխանություններին, ցավոք, չեն սթափեցնում:

Շատ հնարավոր է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մոտ օրերս հայտարարի COVID-2019-ի պանդեմիայի` համաշխարհային մասշտաբի համաճարակի մասին, ինչը, կարծում ենք, պետք է ավելի վաղ աներ:

Արթուր Հովհաննիսյան