Վրաստանում առաջին երեխան է վարակվել կորոնավիրուսով

COVID-19 կորոնավիրուսով երեխայի վարակման առաջին դեպքն է գրանցվել Վրաստանում:

Այդ մասին լույս մարտի 11-ի գիշերը լրագրողներին հայտնել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն:

Տնօրենի տեղեկատվության համաձայն՝ հիվանդացած երեխան ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել մի խումբ անձանց հետ, որոնք փետրվարի 28-ից ինքնամեկուսացման մեջ էին, և որոնց օրգանիզմում վիրուսը հայտնաբերվել էր մարտի 10-ին անցկացված կրկնական թեստավորման արդյունքում: Վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ վարակված երեխան 12 տարեկան է: Նշվում է, որ մարտի 10-ին հայտնաբերված վարակման ութ նոր դեպքերից հինգը, ներառյալ երեխան, նույն ընտանիքի անդամներ են: Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ այսօրվա դրությամբ հանրապետությունում լաբորատոր եղանակով հաստատված է կորոնավիրուսով վարակման 23 դեպք: