ԱՄՆ. «Էրդողանը խոնարհվել է ՊԱԿ-ի մարդու առաջ»

Սիրիական Իդլիբ նահանգի վերաբերյալ ռուս-թուրքական համաձայնագրերը, ինչպես ենթադրում ենք, իրականում ավելի բարդ և խորն են, քան հայտարարվել էր: Բայց կոնկրետ ինչ-որ բան հնարավոր կլինի ասել միայն այն ժամանակ, երբ աշխարհը տեսնի. իսկ Թուրքիայի նախագահը իրականում պատրաստվո՞ւմ է կատարել իր պարտականությունները, թե մտադրվում է ևս մեկ անգամ խուսափել Սիրիայի տարածքը լքելու պահանջից: Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հանդիպման արդյունքների գնահատման ժամանակը դեռ չի եկել: Բացի դրանից, Մոսկվայից Թուրքիայի նախագահի ինքնաթիռի թռչելուց հետո Սիրիայից նրա գործընկեր Բաշար ալ-Ասադը և Իրանի արտգործնախարարությունը ևս մեկ անգամ հիշեցրել են. Թուրքիայի բանակը Սիրիայից դուրս բերելը անվերապահ պահանջ է, և զորքերի դուրսբերման պահանջը վերաբերում է նաև Միացյալ Նահանգներին, բայց եթե Թուրքիան և Միացյալ Նահանգները կրկին խուսափելու են կոնկրետ քայլերից, կհետևեն նաև բռնի ուժային գործողություններ…

Այս դիրքերից հետաքրքիր է, որ Արևմուտքում տարօրինակ կերպով են արձագանքել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների նոր համաձայնագրերին: Մարտի 6-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչն հայտարարել է. «Մենք ողջունում ենք Թուրքիայի և Ռուսաստանի միջև համաձայնագրերը Իդլիբում հրադադարի մասին: Հուսով ենք, որ դրանք կօգնեն ծայրահեղ վտանգավոր իրավիճակի դեէսկալացման և հումանիտար ծանր ճգնաժամի թեթևացման հարցում: Միացյալ Նահանգները ակնկալում է քննարկել իրադարձությունների զարգացման մանրամասները ՆԱՏՕ-ի իր դաշնակից Թուրքիայի հետ, որը ձգտում է երկարատև զինադադարի հաստատմանը…»: Այնուամենայնիվ, դատելով արևմտյան ԶԼՄ-ների հրապարակումներից, և նույնիսկ այն մարդկանցից, որոնք ավանդաբար արտացոլում են գերիշխող տրամադրություններն ու կարծիքները ուժային էլիտաներում, Արևմուտքը, որպես ամբողջություն, հիասթափված է: Եվ ահա թե ինչու․ պարզվում է, Արևմուտքը սպասում էր… Մոսկվայի և Անկարայի միջև ուղղակի բախման նման մի բանի կամ գոնե Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացման:

«Էրդողանի շրջադարձը դեպի Մոսկվա ստորացուցիչ պատմություն է»․  մարտի 6-ին գրել է բրիտանական «Financial Times» թերթը: «Թուրքիայի ղեկավարը հեռացել է իր արևմտյան դաշնակիցներից այն բանից հետո, երբ նրանք հատուկ համերաշխություն չցուցաբերեցին Թուրքիայում ձախողված հեղաշրջման հետ կապված իր կոշտ ռեպրեսիվ միջոցառումներին: Սահմանադրական բարեփոխումների ընթացքում իր ձեռքում ավելի շատ նախագահական իշխանություն կենտրոնացնելուց հետո պարոն Էրդողանը ցանկացավ ավելի սերտ կապեր հաստատել ռուս գործընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի հետ: Նա Ռուսաստանին առաջարկել է կառուցել առաջին ատոմակայանը Թուրքիայում, ինչպես նաև դեպի Եվրոպա գազատար կառուցել, գրում են բրիտանացիները: – Թուրքիայի պատմության մեջ Ռուսաստանից կրած պարտությունների շատ օրինակներ կան: Դժվար թե այս անգամ արդյունքն այլ կլինի: Լավագույն դեպքում, Անկարան կարող է հույս ունենալ արագ հրադադարի հաստատման, ինչպես նաև իր զորքերի դուրսբերման համար ավելի փոքր բուֆերային գոտի վերահսկելու համար, բայց այս ամենը հնարավոր կլինի, եթե Պուտինը ցանկանա օգնել պարոն Էրդողանին փրկել իր դեմքը»:

Մարտի 6-ի «Washington Examiner» (ԱՄՆ) թերթի գնահատականներն ավելի կոշտ են։ Նույնիսկ ստանդարտ տարբերակի համեմատությամբ, երբ Վլադիմիր Պուտինը ծանր դրության մեջ է դնում իր արտասահմանցի գործընկերներին, մարտի 5-ին նրա վերաբերմունքը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ իսկական ներկայացում էր, և դա, Թուրքիայի նախագահի համար չի կարող համարվել հաջողություն, գրում են ամերիկացի լրագրողները: «Միշտ եղել է վտանգ, որ Պուտինը հերթական անգամ կօգտագործի Էրդողանին՝ իր իսկ թույլտվությամբ, սակայն, իրականում, ինչ-որ առանձնահատուկ բան է տեղի ունեցել։ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցները պատրաստ էին ամրապնդել իրենց դիրքերը՝ Պուտինի ճնշումներին դիմակայելու համար: Համաձայնեցված տնտեսական գործողությունները կարող էին Ասադին ծնկի բերել և Ռուսաստանին ստիպել լքել Իդլիբը, ասվում է «Washington Examiner» թերթում.  «Այնուամենայնիվ, Էրդողանը չդիմացավ Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպումանը: Հանդիպելով ՊԱԿ-ի մարդուն՝ նա խոնարհվել է նրա առջև: Աթաթուրքը, հավանաբար, շրջվել է իր գերեզմանում»:

Ահա այսպիսի ափսոսանքներ են հնչում ԱՄՆ-ում և Անգլիայում: Համեմատելով Լոնդոնի և Վաշինգտոնի կարծիքների հանրագումարը Թուրքիայի կողմից ստացվող զեկույցների հետ, թե թուրքական բանակում արդեն իսկ մեղադրանքներ են հնչում Էրդողանի հասցեին, մեր կարծիքով, եկել է ժամանակը՝ լրջորեն ակնկալել Թուրքիայի ներսում հեղաշրջման նոր փորձ: Չէ՞ որ թուրք զինվորականները այսպես էլ ասում են. Էրդողանը մեզ օգտագործում է ոչ թե Թուրքիայի, այլ Միացյալ Նահանգների և Արևմուտքի շահերի համար, մենք Սիրիայում ընդհանրապես անելիք չունեինք: Առաջ է քաշվում նաև այսպիսի ենթադրություն՝ եթե ԱՄՆ-ում և Անգլիայում այդքան ակնկալում էին ռուսների և թուրքերի միջև առճակատման ուժեղացում, ապա արդյո՞ք Վաշինգտոնը և Լոնդոնը չեն հանդիսանում Իդլիբում կատարված ամեն ինչի իրական պատվիրատուները: Մասնավորապես, ինչպես պնդում էր Պուտինը մարտի 5-ին, երբ այս գոտուց «ինչ-որ մեկը» փորձել է մեկ ամսվա ընթացքում 15 անգամ հարձակվել «Խմեյմիմ» ռուսական ավիաբազայի վրա… Մի խոսքով, Իդլիբի և Սիրիայի համար ոչինչ դեռ չի ավարտվել, հետևաբար նաև՝ Թուրքիայի և Ռուսաստանի ու Իրանի համար:

Սերգեյ Շաքարյանց