Իշխանահաճո որոշում կայացնող դատավորները փաստաբանների շրջանում ունեն ամենացածր վարկանիշը (տեսանյութ)

Ազգային ժողովը մարտի 5-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Որքանո՞վ է այն միտված ոլորտի բարեփոխմանը, անկախ դատավորի ինստիտուտի, անկախ դատական համակարգի ձևավորմանը, ինչի անհրաժեշտության մասին պարբերաբար խոսվում է թե իշխանական, թե ընդդիմադիր շրջանակներից։ Արդյո՞ք նախագիծն ուղենշում է, թե  ինչպիսի դատական համակարգ ենք ուզում ունենալ։

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ նախագիծը, որի համար քաղաքական վերնագիր է ընտրվել՝ դատաիրավական բարեփոխումներ կամ դատական համակարգի բարեփոխումների միտում, ընդամենը նախագիծ է նախագծի մասին։ Ըստ փաստաբանի՝ այդ փաստաթղթով հայեցակարգային բարեփոխումներ տեղի չեն ունենալու, ընդամենը մի քանի լոկալ խնդիրներ են լուծվելու, որոնք ոչ մի կերպ չեն կարող միտվել դատարաններում տիրող իրավիճակը բարեփոխելուն։

Անդրադառնալով դատավորների տարիքային շեմի նվազեցմանը, ինչը նախատեսվում է այդ նախագծով, Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ այդ տարիքում դատավորը չի կարող ունենալ կենսափորձ, նաև իրավական կենսափորձ․ «Եթե  հաշվի առնենք բանակային պարտադիր զինծառայությունը, դպրոցական տարիքը և բուհական ուսումնառության համար անհրաժեշտ ժամանակահատվածները, 25 տարեկանում լավագույն դեպքում 1-3 տարվա փորձառություն կարող է ունենալ։ Խնդիրը ոչ միայն լավ իրավաբան ունենալն է, այսօր մեր դատական համակարգում կան լավ իրավաբաններ, բայց չունեն այն կեսափորձը, որով կկարողանան արտարադատություն իրականացնել։ Ընդ որում, դատարաններում մարդկային ճակատագրեր են որոշվում, և այդ ճակատագրերը որոշողը պետք է կենսափորձ ունենա։ Այս առումով արդարացված չէ անգամ 28 տարիքային շեմը, որը սահմանված է հիմա»։

Մանրամասները՝ տեսանյութում