Թեհրան-Երևան ինքնաթիռի ուղևորներից ավելի քան հիսունն այլոց COVID-19-ով վարակելու հնարավոր վտանգ են ներկայացնում

Նոր կորոնավիրուսը (COVID-19) փոխանցվում է ոչ միայն վարակակրի հետ անմիջական շփմամբ, այսինքն` նրան համբուրելու, ձեռքով բարևելու, ինչպես նաև նրա մոտ գտնվելու ու նրա շնչած օդը շնչելու (առավել ևս` եթե վարակակիրը փռշտում կամ հազում է) միջոցով: COVID-19-ը փոխանցվում է նաև որոշ ժամանակաընթացքում ձեռք տալով այն իրերին, որոնց հետ շփվել է վարակված անձը, ապա առանց ձեռքը լավ լվանալու, ախտահանելու, դրանով դիպչելով բերանին, քթին, աչքին…

Այն, որ վիրուսը որոշ ժամանակ կարող է ապրել և իր վտանգավորությունը պահպանել նաև օրգանիզմից դուրս, ոչ կենսաբանական միջավայրում, ասենք, մարդու ձեռքի ափի վրա, հայտնի է բազմաթիվ աղբյուրներից, այդ մասին է վկայում նաև ս. թ. մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կոչը.

«Եկեք դադարենք համբուրվելով բարևելը և ձեռքով բարևելը, քանի որ ձեռքով վիրուսը կարող է փոխանցվել»:

Նոր կորոնավիրուսը, ինչպես նաև այլ վիրուսներ որոշ ժամանակ կարող են ապրել, իրենց կենսունակությունը և վտանգավորությունը չկորցնել նաև անշունչ առարկաների վրա: Այդ մասին է վկայում նաև այն, որ հաշվի առնելով վերջին շրջանում ակտիվացած սուր շնչառական վարակների, մասնավորապես՝ կորոնավիրուսի, վտանգը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) հանձնարարությամբ Երևանի խոշոր սուպերմարկետներում, որպես կանխարգելիչ միջոցառում, իրականացվում են սայլակների, ցուցափեղկերի և այլնի ախտահանման աշխատանքներ՝ օրվա ընթացքում 3-4 անգամ պարբերականությամբ: Ախտահանման աշխատանքները ՍԱՏՄ-ի մասնագետների վերահսկողության ներքո իրականացնում են խանութների աշխատողները։

«Ախտահանվում են հատկապես այն հատվածներն ու մակերեսները, որոնց սպառողները կարող են անմիջականորեն հպվել:

Տեսչական մարմինը իրացման բոլոր կետերին հորդորում է իրենց տարածքներում ևս անցկացնել կանխարգելիչ ախտահանման միջոցառումներ՝ թույլ չտալու համար հնարավոր վարակների տարածումը»,- նշված է ՍԱՏՄ-ի 04.03.2020թ. հաղորդագրության մեջ: Նմանաբնույթ աշխատանքներ առաջիկայում նախատեսվում է իրականացնել նույնիսկ մարզային խանութներում։ Հավելենք, որ Մոսկվայի քաղաքապետարանի մշակած կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների 21 էջանոց եռափուլ ծրագրով նույնպես նախատեսված են ախտահանման աշխատանքներ` փողոցների, մուտքերի, մետրոպոլիտենի գնացքների…

Ինչպես արդեն հայտնի է, ՀՀ 29 տարեկան քաղաքացին, որի մոտ կրկնակի թեստավորման արդյունքում փետրվարի 29-ի, լույս մարտի 1-ի գիշերը հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակված լինելու փաստը, փետրվարի 28-ին Թեհրանից Երևան է եկել ինքնաթիռով: Հնարավո՞ր է, որ նա ինքնաթիռի սրահում կամ մինչև օդանավակայանից դուրս գալը ձեռք տված լինի ինչ-որ բաների, օրինակ, որևէ նստարանի թիկնակի, ինքնաթիռից իջնելիս, շարժասանդուղքի բազրիքին, մաքսային ու սահմանային հսկողության ժամանակ պատուհանագոգին և այլն, որոնց իրենից հետո կարող էին ձեռք տալ նաև 82 ուղևոր տեղափոխած նույն ինքնաթիռի մյուս ուղևորները: Այո, միանգամայն հնարավոր է:

Բնականաբար, հարց է առաջանում, թե ինչո՞ւ մյուս 81 ուղևորները չեն կարանտինացվել: Հարցը չունի և չի կարող ունենալ որևէ մասնագիտական պատասխան, քանի որ ոչ մի տարբերություն չկա այդ առարկաների, իրերի մակերեսների և Երևանի սուպերմարկետներում անհրաժեշտաբար ախտահանվող սայլակների, ցուցափեղկերի և այլնի մակերեսների միջև, COVID-19-ը դրանց բոլորի միջոցով էլ կարող է վարակակրից փոխանցվել առողջ մարդուն:

Վերոնշյալ հարցը, սակայն, ընդհանրապես ունի պատասխան` որովհետև ՀՀ առողջապահության նախարարն Արսեն Թորոսյանն է, որին վարչապետը վաղուց պետք է պաշտոնանկ արած լիներ, վարչապետն էլ նրա հովանավոր Նիկոլ Փաշինյանն է: Ահա հենց այս պատճառով է, որ մյուս 81 ուղևորները չեն կարանտինացվել, 14 օրով կարանտինացվել է նրանց սոսկ փոքր մասը` ինքնաթիռում նոր կորոնավիրուսով վարակված անձի զբաղեցրած շարքի, նրանից երկու շարք առաջ և 2 շարք հետ գտնվող շարքերի ուղևորները` հաշվի առնելով վարակված ուղևորից միայն նրա արտաշնչած օդի միջոցով վարակվելու հնարավորությունը և այդ հնարավորության առնչությամբ առկա միջազգային խորհրդատվությունը:

Մարտի 1-ին Հայաստանում նոր կորոնավիրուսի հայտնաբերման 1-ին դեպքի առնչությամբ հրավիրված ասուլիսի ընթացքում Արսեն Թորոսյանի պատասխանն այն հարցին, թե ինչո՞ւ կարանտին չի հայտարարվել բոլորի համար, անհեթեթ է և կեղծիք: ՀՀ առողջապահության նախարարը պատճառաբանել է, թե ապացուցված չէ, որ կարանտինն աշխատող գործիք է, ասել է նաև, թե այն որևէ կերպ խորհուրդ չի տրվում որևէ առողջապահական կազմակերպության կողմից: Եթե կարանտինն «աշխատող գործիք» չէ, ապա ինչո՞ւ է այն կիրառվում Ճապոնիայի, Չինաստանի, Ռուսաստանի և այն բոլոր երկրների կողմից, որտեղ կան COVID-19-ով վարակված լինելու մեջ կասկածվող անձինք…

Ավելին. եթե կարանտինն «աշխատող գործիք» չէ, ապա ինչո՞ւ է այն հենց Արսեն Թորոսյանի, առողջապահության նախարարության, վարչապետի կողմից կիրառվել Հայաստանում, ինչո՞ւ են 31 թե 32 հոգի (նույնիսկ այս կապակցությամբ են պաշտոնական տեղեկությունները հակասական) կարանտինացվել, մեկուսացվել Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցում… Դե պատասխանե՛ք, նախարար ու վարչապետ:

Վերոնշյալ փաստերից արդեն պարզ է, որ հիմնազուրկ, սուտ ու կեղծիք են նաև նույն ասուլիսում Թորոսյանի այն հավաստումները, թե «թերացման մասին խոսելը պարզապես ավելորդ է», ՀՀ նոր կորոնավիրուսի մուտքը և տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող հակահամաճարակային միջոցառումները համապատասխանում են բոլոր չափանիշներին։

Ընդգծենք նաև, որ վերոնշյալ 32 հոգուց բոլորը չէ, որ տվյալ ինքնաթիռի ուղևորներն են, նրանց մի մասը վարակված անձին, նրա կնոջը տուն տեղափոխած ավտոմեքենայի վարորդը և նրանց հետ եղած անձինք են, հավանաբար նաև, մինչև նրանց հայտնաբերումը, վերջիններիս հետ շփված անձինք: Հետևաբար նույն ինքնաթիռի ուղևորներից ավելի քան 50-ը վերոնշյալ պաշտոնյաների ու մարմինների անգործության արդյունքում կարանտինացված չլինելու հետևանքով և այդ պայմաններում հնարավոր կամ պոտենցիալ վտանգ է ներկայացնում մարդկանց, կենդանիների, Երևանի և ողջ Հայաստանի համար:

Եվս մեկ ընդգծում. «Գոլդեն փելիս» հյուրանոցում չմեկուսացված մյուս ուղևորներին չկարանտինացնելը ու նրանց նկատմամբ տնային հսկողություն սահմանելն ամենևին բավարար չեն նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար, որովհետև ինքնաթիռում ուղեկցող բժշկի կողմից նմանաբնույթ հսկողություն սահմանված էր նաև COVID-19-ով վարակված վերոնշյալ երիտասարդի նկատմամբ, սակայն դա բոլորովին չօգնեց, որ նա ժամանակին հայտնաբերվեր ու մեկուսացվեր: 29-ամյա այդ տղամարդը հանգիստ դուրս եկավ օդանավակայանից ու գնաց տուն, մինչդեռ կարող էր տաքսով գնալ (եթե, իհարկե, հավատանք վարչապետին և ավելի վաղ տաքսու մասին հայտնած, ապա իր խոսքը փոխած առողջապահության նախարարին), որի վարորդը մինչև հայտնաբերվելը կարող էր շատ-շատերին վարակել` պատճառ հանդիսանալով մեր երկրում նոր կորոնավիրուսի համաճարակի:

Ով ով, բայց գոնե առողջապահության նախարարը պետք է գիտակցեր ու պետք է գիտակցի, որ չկարանտինացված հիշյալ անձինք, եթե նրանցից ոմանք վարակված են COVID-19-ով, հիվանդության ինկուբացիոն (գաղտնի) շրջանում, որը հիմնականում մինչև 14 օր է, բայց որոշ դեպքերում` 24 օր և ավելի, կարող են այդ ընթացքում ու նույնիսկ դրանից հետո (ինչպես հենց վերոնշյալ երիտասարդի պարագայում) ջերմություն կամ հիվանդության այլ ախտանշան չունենալ, չհայտնաբերվել տնային հսկողություն իրականացնող բժշկի կողմից (ինչպես հենց նույն վարակված անձը չի հայտնաբերվել), և մինչև վարակված լինելու մասին հայտնի դառնալը, կարանտինացված չլինելով, վարակել հարյուրավորներին, հազարավորներին:

Արթուր Հովհաննիսյան