Էրդողանին «սատանայի մարմնացում» կոչած պատգամավորի դեմ դատական հայց է ներկայացվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փաստաբանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության ղեկավար Էնգին Օզքոչի դեմ։ Էրդողանը ընդդիմադիր պատգամավորից 1 մլն լիրա (շուրջ 165․000 ԱՄՆ դոլար) բարոյական փոխհատուցում է պահանջել՝ իրեն ուղղված քննադատական և վիրավորական հայտարարությունների համար։

Նշենք, որ Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը Թուրքիայի Քրեական Օրենսգրքի 299-րդ հոդվածի հիման վրա Օզքոչի դեմ հետաքննություն էր սկսել։ Պատճառը մարտի 4-ին Թուրքիայի մեջլիսի ամբիոնից ընդդիմադիր գործչի հնչեցրած հայտարարություններն էին, որոնք այնուհետև իշխող և ընդդիմադիր երկու կուսակցությունների միջև իսկական ծեծկռտուք էին հարուցել։