Գիտեմ կադրեր, որոնք լավ մասնագետներ են, սակայն պատրաստ չեն ընդգրկվել այս կառավարության կազմում (տեսանյութ)

Ազգային ժողովում դատական օրենսգրքում նախատեսված փոփոխությունների, մասնավորապես՝ դատավորների տարիքային շեմի իջեցման վերաբերյալ LIVEnews.am կայքի լրագրողի հարցին ի պատասխան՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ դատական համակարգում դատավորի աշխատանքը գայթակղիչ չէ, և ինչպես իր գործընկերներն են նշում՝ այդ տարիքային շեմի իջեցումը պայմանավորված է նոր կադրերով համալրելու անհրաժեշտությամբ․ «Բայց այստեղ պետք է հաշվի առնել անձի կենսափորձը, որովհետև ամեն դեպքում արդարադատություն իրականացնելու համար ոչ միայն լավ գիտելիքներ, այլև կենսափորձ է անհրաժեշտ, քանզի մարդկային հարաբերությունների բազմաշերտ երևույթը պետք է կարողանաս գիտակցել, իսկ դրա համար իմաստություն է պետք»։ Նա նաև հավելեց, որ պետք է ոչ թե տարիքային ցենզ լինի, այլև՝ փորձառության ցենզ, այսինքն՝ դատավորների համար պետք է փորձառության շեմ լինի․ օրինակ՝ 5-10 տարի։

Պատգամավորը, անդրադառնալով դատական համակարգում այն մասնագետների պակասին, որոնք պատրաստակամ են աշխատել իշխանությունների հետ, ովքեր բացի լավ մասնագետ լինելուց, նաև իշխանության դիրքորոշումները կկիսեն, ընդգծեց․ «Լավ մասնագետներ գիտեմ, որոնք նախ խուսափում են պետական ապարատում աշխատել, տարբեր պատճառներով պայմանավորված, սկսած ֆինանսական, սոցիալական ապահովության խնդրից, և վերջացած քաղաքական գործընթացներին չմասնակցելու ցանկությամբ։ Եվ գիտեմ կադրեր, որոնք լավ մասնագետներ են և պատրաստ են զբաղվել պետական շինարարությամբ, սակայն պատրաստ չեն ընդգրկվել այս կառավարության կազմում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրող՝ Ծովինար Մանուկյան

Օպերատոր՝ Հակոբ Գումրոյան