ԱՄՆ-ը զինամթերքով աջակցի՞ Թուրքիային՝ «Գարնանային վահան» ռազմական գործողություն իրականացնելիս

Մարտի 4-ին Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին և ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քելի Քրաֆթը Թուրքիայի հարավ-արևելյան Հաթայ նահանգում հանդիպել են թուրք բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ermenihaber.am-ի տեղեկացմամբ, Ջեֆրին և Քրաֆթը դիտարկումներ են անցկացրել Հաթայի Ջիլվեգյոզու սահմանային անցակետի տարածքում:

Ջեֆրին հանդիպմանը հայտնել է, որ Վաշինգտոնը կարող է զինամթերքով աջակցել Թուրքիային՝ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի կողմից իրականացվող  «Գարնանային վահան» ռազմական գործողության շրջանակներում։

Նա լրագրողների հետ հարցազրույցում մասնավորապես ասել է.

«Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է: Թուրքիայի բանակը մեծ հաշվով օգտագործում է ամերիկյան ռազմական տեխնիկա:  Մենք ապահովելու ենք, որպեսզի սարքավորումները պատրաստ վիճակում լինեն: Մենք, որպես ՆԱՏՕ-ի գործընկեր, տեղեկություններ և հետախուզական տվյալներ ենք փոխանցում: Սիրիայում ինչի կարիք էլ ունենան, մենք աջակցելու ենք։

Նշենք, որ ամերիկացի պաշտոնյաներն Անկարա էին մեկնել մարտի 3-ին: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուի Աքարը հյուրընկալել էր Ջեյմս Ջեֆրիին և Թուրքիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Դեյվիդ Սաթըրֆիլդին:

Հավելենք, որ «Անադոլու» գործակալության տեղեկացմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական Իդլիբում իրավիճակի սրման հենքին զինամթերքի հարցով աջակցություն է խնդրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից:

«Ես նման խնդրանքով դիմել եմ պարոն Թրամփին»,-պատասխանել է թուրք ղեկավարը լրագրողների՝ Վաշինգտոնի կողմից աջակցության մասին հարցին: