Թուրքիան Եվրոպայից ակնկալում է ավելի շատ օգնություն, բայց դա փախստականների միջոցով ցույց տալն ուղղակի անընդունելի է․ Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել է Թուրքիայի իշխանությունների՝ երկրում ապաստանած սիրիացի փախստականներին դեպի Հունաստանի ու Բուլղարիայի սահման ուղղորդելով, Եվրամիությանը ճնշելու քաղաքականությունը:

Կանցլերի խոսքով, իրենք հասկանում են, որ Թուրքիան Եվրոպայից ակնկալում է ավելի շատ օգնություն, բայց դա փախստականների միջոցով ցույց տալն ուղղակի անընդունելի է:

«Հասկանում եմ, որ Իդլիբի զարգացումների հետևանքով Թուրքիան մեծ դժվարության է հանդիպել (դեպի Թուրքիա սիրիացի փախստականների հնարավոր նոր ալիքի հետ կապված-խմբ.): Սակայն ինձ համար անընդունելի է, որ նախագահ Էրդողանն ու իր կառավարությունը այդ թեմայով ունեցած իրենց դժգոհությունը մեր ու ԵՄ-ի հետ ունեցած երկխոսությունների ժամանակ չեն բարձրաձայնել, այլ նախընտրել են դրա փոխարեն փախստականներին ուղարկել: Ըստ իս՝ դա ճիշտ ճանապարհ չէ»,- ասել է Մերկելը:

Մերկելը հայտարարել է, որ թե՛ Էրդողանի, թե՛ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ շարունակում է երկխոսությունը՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է սիրիացի փախստականներին օգնություն ցույց տալ և հրադադար հաստատել Սիրիայում:

Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում սիրիական բանակի ավիահարվածների պատճառով 34 թուրք զինվորականի սպանությունից հետո Անկարան հայտարարեց, որ այլևս ի վիճակի չի պահել Սիրիայից Թուրքիա շարժվող փախստականներին և բացեց դեպի Եվրոպա Հունաստանի և Բուլղարիայի սահմանները։

Աղբյուրը՝  Ermenihaber.am-ի

Հայտարարությունից հետո Թուրքիան բացել է Եվրոպայի հետ (թուրք-հունական ու թուրք-բուլղարական) սահմանը՝ թույլ տալով, որ փախստականները կարողանան անցնել Եվրոպա:

Վերջին օրերին Թուրքիայի տարբեր շրջաններից դեպի Եվրոպա են շարժվում տասնյակ հազարավոր փախստականներ և կուտակվում հիմնականում թուրք-հունական սահմանին: Հունաստանը սահմանը փակել է ու ամեն կերպ փորձում է թույլ չտալ փախստականների մուտքը երկիր:

Փախստականների զգալի մասն էլ Էգեյան ծովով նավակներով շարժվում են հունական կղզիներ: