Պարո՛ն Ուդումյան, ունեք 3 ամիս ժամանակ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքը ԱԺ բերելու համար, այլապես դա կանենք մենք. Մանե Թանդիլյան

Մենք չունենք օրենք, թե որն է բազմազավակ ընտանիքը՝ երեք և ավելի՞, թե չորս և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները, քանի որ այդ օրենքը ամիսներով, նաև տարիներով դրված է դարակներում: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով  «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին որոշման նախագծին, որի զեկուցողն է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը:

«Մենք չունենք օրենք, թե որն է բազմազավակ ընտանիքը՝ երեք և ավելի՞, թե չորս և ավելի երեխաներ ունեցող ընտանիքները, քանի որ այդ օրենքը ամիսներով, նաև տարիներով դրված է դարակներում: Ես պնդում եմ, պարո՛ն Ուդումյան, նաև փոխանցեք նախարարություն, որ դուք ունեք երեք ամիս ժամանակ «Բազմազավակ ընտանիքների մասին» օրենքը բերելու ԱԺ, այլապես դա կանենք մենք: Ինչո՞ւ եմ այս տոնով խոսում, քանի որ շատ լավ է վճարները անելը, խրախուսելը, բայց դա միակ միջոցը չէ, ավելին` դա ամենևին հենց այն միջոցը չէ, որը խրախուսում է բազմազավակ ընտանիքներին, կամ ընդհանրապես ծնելիությունը, որը, ըստ էության, այսօր արդեն կատաստրոֆիկ ծանր վիճակում է և առաջին անգամ Լոռու մարզում պոպուլյացիա է գրանցվել»,- ասաց նա:

Մանե Թանդիլյանը նշեց, որ ժողովրդագրական ազդեցությունը բարելավելու համար հինգ կոմպոնենտ կա՝ բնակարան, կրթություն, բժշկություն, դրամական աջակցություն և աշխատանք։ Եվ այս հինգ կոմպոնենտները պետք է արտացոլված լինեն «Բազմազավակ ընտանիքների» մասին օրենքում, այլապես ժողովրդագրական որևէ խնդիր չենք լուծելու: «Քանի դեռ այդ օրենքը չունենք, համակարգված լուծում չենք տվել այդ հարցին, մնացած ամեն բան կենացի պես է հնչելու»,- ասաց նա և նշեց, որ այդ օրենքի ընդունման պահը հասունացել է: